Հայկական գորգերը մեծ պահանջարկ չունեն միջազգային շուկայում

23.06.2010, 19:12
Հայկական գորգերը մեծ պահանջարկ չունեն միջազգային շուկայում
Հայկական գորգերը մեծ պահանջարկ չունեն միջազգային շուկայում

Թանկ լինելու պատճառով հայկական գորգերը մեծ պահանջարկ չունեն միջազգային շուկայում, ինչի արդյունքում արտահանման ծավալների նվազում է նկատվում, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց պատմական գիտությունների թեկնածում, գորգագործ Աշխունչ Պողոսյանը։

«Պատճառներից մեկը Հայաստանում դոլարի փոխարժեքի մշտական անկումն է, ինչի արդյունքում աճում է գորգերի ինքնարժեքը։ Այսպես, հայկական արտադրության գորգի մեկ քառակուսի մետրը միջազգային շուկայում արժե մոտ 200 դոլար, և այն էլ այն դեպքում, եթե չեն օգտագործվել բնական ներկանյութեր, այլապես մեկ քառակուսի մետրի արժեքը հասնում է 300-350 դոլարի»,- նշեց գորգագործը։

Մինչդեռ մոտավորապես նույն որակի գորգերը՝ բերված Պակիստանից, Աֆղանստանից, Տիբեթից և Իրանից, Պողոսյանի խոսքերով, վաճառվում են բավական ցածր գնով՝ 100-150 դոլար՝ մեկ քառակուսի մետրի դիմաց։

«Խնդիրը, մի կողմից, տնտեսական պատճառներ ունի, գորգագործների նորմալ աշխատանքի բացակայությունն է։ Մյուս կողմից, ի տարբերություն մեր երկրի ղեկավարության, վերոնշյալ երկրների կառավարությունները ոչ միայն մշտապես զարգացնում են այս ճյուղը, այլ նաև փորձում են իրենց երկիրը ներկայացնել որպես այդ հնագույն արհեստի օրրան»,- ասաց գորգագործը։

Ըստ նրա, Հայաստանը կարելի է համարել այս արհեստի նախահայրենիքը, այդ են վկայում բազմաթիվ աղբյուրներ։ Պողոսյանը նշեց, որ այնպիսի քաղաքներ, ինչպիսին են Դվինը, Արտաշատը, ավելի ուշ՝ Վասպուրականը, Սյունիքը, Լոռին, միջին դարերում գորգագործության կենտրոններ են եղել։

Գորգագործությունը դասում են հայերի յուրացրած հինավուրց արհեստների թվին։ գորգերը գործվել են գորգագործական ուղղահայաց և հորիզոնական հաստոցների վրա։ Հայկական գորգագործության յուրահատկությունը գործքի առանձնահատուկ տեսակի կիրառումն է, հատուկ հանգույցները և մազախավի բարձրությունը։ Գորգագործները հատուկ ուշադրություն էին դարձնում կողային եզրերի հավասարությանն ու ամրությանը, գորգերի երկարությունը հասնում էր մինչև 6 մետրի։    

Հայկական գորգերը միշտ չափազանց թանկ են գնահատվել։ Արաբ խալիֆների պալատների պատերն ու հատակը ամբողջովին պատված էին հայկական գորգերով։ Հայկական գորգերը պալատների զարդն էին, դրանցով էր չափվում հարստությունը։  

Հայ խոշոր առևտրականներն ու մոնոպոլիստները գորգերը վաճառում էին միջազգային շուկայում՝ տանելով դրանք Ռուսաստան և Եվրոպա։ Այսպես նրանք հասան Մոսկվա և Մարսել, հայտնվեցին Հոլանդիայում և Վենետիկում։ Ջոտտոն և Կարավաջոն, Ռուբենսն ու Ռեմբրանդտը հայկական գորգերով ինտերիերներ են նկարել։

Հանրահայտ թանգարաններն իրենց հավաքածուներում պահում են հայկական գորգեր, Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում պահվում է 17-րդ դարի գորգ, Նյու Յորքի Մետրոպոլիտեն- թանգարանը ձեռք է բերել 16-րդ դարի գորգ, դրանք պահվում են նաև Բուդապեշտի կիրառական արվեստի թանգարանում, Լոնդոնի տեքստիլի թանգարանում և բազում մասնավոր հավաքածուներում։ Գորգերի դասական նմուշները պահվում են Հայաստանի Պատմության պետական թանգարանում և Ազգագրության թանգարանում։ --0—