Թուրքական հանձնաժողովի տվյալները չեն համապատասխանում իրականությանը. Ոստիկանություն

23.06.2010, 18:57
Թուրքական հանձնաժողովի տվյալները չեն համապատասխանում իրականությանը. Ոստիկանություն
Թուրքական հանձնաժողովի տվյալները չեն համապատասխանում իրականությանը. Ոստիկանություն

Հայաստանի Ոստիկանությունը չորեքշաբթի հաղորդագրություն է տարածել այն մասին, որ թուրքական հանձնաժողովի՝ Թուրքիայից արտաքսված Հայաստանի քաղաքացիների թվաքանակը չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ զանգվածային մի շարք լրատվամիջոցներ, հղում կատարելով «Անկարա» գործակալության հաղորդագրությանը, վերջին օրերին հրապարակել են տեղեկատվություն Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Մարդու իրավունքների ուսումնասիրման հանձնաժողովին կից` «Թուրքիայում փախստականների, ապաստան հայցողների և ապօրինի բնակվողների խնդիրների ուսումնասիրության» համար ստեղծված հատուկ հանձնաժողովի զեկույցի մասին, որում անդրադարձ է արվել այդ երկրում ապօրինի բնակվող կամ սահմանն ապօրինաբար հատած ՀՀ քաղաքացիների արտաքսմանը:

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, տարածած տեղեկատվությանը համապատասխան, «Թուրքիայում վերջին տասներեք տարիների ընթացքում ձերբակալվել են ապօրինի բնակվող կամ սահմանն ապօրինաբար հատած ՀՀ 5909 քաղաքացիներ, ովքեր արտաքսվել են երկրից: 2007 թ. ձերբակալվել են 779, իսկ 2008 թ. առաջին ինն ամիսների ընթացքում` 474 ՀՀ քաղաքացիներ, ովքեր հիմնականում զբաղվում էին մարմնավաճառությամբ և արտաքսվել են Թուրքիայից»:

Հայաստանի ոստիկանությունից հայտնում են, որ վտարումը պատժամիջոց է, որը կիրառվում է օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ` որոշակի իրավախախտումների, հիմնականում մուտքի թույլտվության` վիզայի ժամկետները խախտելու դեպքում: Խախտում կատարողները վտարվում են այն երկիր, որի քաղաքացին հանդիսանում են, քանի որ միջազգային կանոնադրությամբ արգելվում է օտարերկրյա քաղաքացիների վտարումը երրորդ երկիր:

Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև գործում է միայն օդային սահման: ՀՀ քաղաքացիները Թուրքիայից Հայաստանի Հանրապետություն վտարվում են ինքնաթիռով` ՀՀ սահմանը հատելով «Զվարթնոց» օդանավակայանի անցակետով:

Վիճակագրությունը փաստում է, որ Թուրքիայից Հայաստան տարեկան վտարվում է տարբեր տարիքի և սեռի մոտ 50 ՀՀ քաղաքացի: Օրինակ, 2007 թ. վտարվողների թիվը եղել է 52, իսկ 2008 թ.-ին` 45:

«Մարմնավաճառությամբ զբաղվողների վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ իրավապահ մարմիններն այդ հարցում, Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով, համագործակցում են Թուրքիայի իրավապահ մարմինների հետ. Թուրքիայում Ինտերպոլի ԱԿԲ-ից գրություններ են ստացվում ՀՀ քաղաքացի հանդիսացող կնոջ նկատմամբ մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով դատաքննություն իրականացնելու մասին: Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ն տարեկան նմանատիպ մոտ հինգ գրություն է ստանում»,- նշվում է ոստիկանության հայտարարությունում:

Միաժամանակ ոստիկանության վարչությունից նշում են, որ անարդյունավետ է համագործակցությունը ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող թրաֆիքինգի կազմակերպիչներին Թուրքիայի իշխանությունների կողմից հանձնելու կամ գոնե Թուրքիայում պատասխանատվության ենթարկելու հարցում:

Մասնավորապես` 2003 թվականից ՀՀ իրավապահ մարմինների կողմից հնարավոր բոլոր միջոցներով, այդ թվում` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջոցով, ջանքեր են գործադրվում թրաֆիքինգ կազմակերպելու համար հետախուզման մեջ գտնվող Թուրքիայի քաղաքացի Գոհար Կիլինչին պատասխանատվության ենթարկելու և նրա հանցավոր գործունեությունը կասեցնելու ուղղությամբ, մինչդեռ նա շարունակում է հավաքագրել և սեռական շահագործման նպատակով Թուրքիա փոխադրել ՀՀ քաղաքացիների:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը: -0-