ՀՀ կառավարությունը խմբագրել է լեզվի և հանրակրթության մասին օրենքներում օտարալեզու կրթության ներմուծում ենթադրող լրացումները

23.06.2010, 18:45
ՀՀ կառավարությունը խմբագրել է լեզվի և հանրակրթության մասին օրենքներում օտարալեզու կրթության ներմուծում ենթադրող լրացումները
ՀՀ կառավարությունը խմբագրել է լեզվի և հանրակրթության մասին օրենքներում օտարալեզու կրթության ներմուծում ենթադրող լրացումները

ՀՀ կառավարությունը խմբագրել է  «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններն ու լրացումները, որոնք օտար լեզվի ուսուցման ներմուծում են ենթադրում դպրոցներում։

«Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը դպրոցներում օտար լեզվի ուսուցման ներմուծում է ենթադրում, մեծ քննարկումների առիթ է դարձել։ Օրինագծին դեմ են մի շարք քաղաքական և հասարակական ուժեր։

Ինչպես չորեքշաբթի խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, փոփոխությունների և լրացումների թարմացված տարբերակը ձևավորվել է ինչպես իշխող կոալիցիայի, այնպես էլ ընդդիմադիր ուժերի հետ ունեցած կառուցողական քննարկումների հիման վրա։

«Նոր փոփոխությունները ենթադրում են նախկինում առաջարկված 15 դպրոցների փոխարեն օտարալեզու կրթություն ներմուծել երկրի 12 դպրոցներում, որոնցից 9-ը կստեղծվեն պետական և միջկառավարական համագործակցության շրջանակներում, իսկ երկու մասնավոր դպրոցները՝ Ջերմուկում և Դիլիջանում»,- ասաց Աշոտյանը։

Նա նաև հայտնեց, որ օտարալեզու ուսուցումը մասնավոր դպրոցներում կիրականացվի 7-րդ դասարանից սկսած, իսկ միջպետական համագործակցության դպրոցներում՝ միայն ավագ դպրոցում, այսինքն 10-12 դասարաններում։

Ինչ վերաբերում է մասնավոր դպրոցներ ստեղծելու համար քաղաքների ընտրությունը, ապա, ըստ նախարարի, քաղաքներն ընտրվել են տարածաշրջանների համաչափ զարգացման և Երևանից կրթական համակարգի  ապակենտրոնացման ապահովման նպատակով։

Բացի այդ, ինչպես հայտնեց նախարարը, Դիլիջանում արդեն մեկնարկել է խոշոր կրթական համալիր ստեղծելու վերաբերյալ հստակ ներդրումային նախագիծը, որը կկարողանա ապահովել մինչև 600 աշակերտների կրթությունը։

Ինչ վերաբերում է պետական դպրոցներին, ապա դրանց տեղաբաշխումը դեռ որոշված չէ։

«Դպրոցների ընտրության նախապատվությունը կտրվի այն նախագծերին, որոնք բաղկացած կլինեն լուրջ սոցիալական փաթեթից, որը դպրոցի միջոցների կամ հատուկ  թոշակների հաշվին թույլ կտա ապահովել անապահով ընտանիքների ընդունակ երեխաների ուսուցումը»,- ասաց Աշոտյանը։

Միաժամանակ նախարարը կոչ է արել պատգամավորներին կողմ քվեարկել փոփոխություններին՝ առաջինից մինչև երկրորդ ընթերցման ժամանակահատվածում օրենքի հետագա շտկումների վերաբերյալ զանազան կառուցողական առաջարկների ընդունման պատրաստակամություն հայտնելով։

Կառավարության կողմից առաջարկված փոփոխությունների ներկայացվել են դրսից հնչող երաժշտության, սուլոցների և Հայաստանում օտարալեզու կրթության ներմուծման դեմ ուղղված գոռոցների տակ: Ըստ նախարարի, խորհրդարանի նիստը նմանվել է ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։

Ըստ նրա, նման բողոքի ակցիաների անցկացումը ոչ այլ ինչ է, քան 2012թ.-ին սպասվող նախագահական ընտրությունների հետ կապված նոր քաղաքական տեխնոլոգիաներ փորձարկելու միջոց:

«Սրանք քաղաքական տեխնոլոգիաներ օգտագործելու փորձեր են, որոնք օրենքի հետ ոչ մի կապ չունեն»,- ասաց Աշոտյանը։

Այսօրվա նիստի ժամանակ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն կողմ քվեարկելու պատրաստակամություն են հայտնել գրեթե բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, բայց դրանց մեջ որոշակի խմբագրումներ մտցնելու նկատառումով, որոնց մի մասն այսօր  կրթության նախարարության կողմից արդեն ամփոփվել և ներկայացվել է։ -0-