ՀՀ վարչապետը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի կապակցությամբ

21.06.2010, 19:31
ՀՀ վարչապետը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր շնորհավորանքն է ուղղել բժշկական ոլորտի աշխատողներին իրենց մասնագիտական տոնի առթիվ, տեղեկացնում է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։

«Մեզանում բժշկի մասնագիտությունը ավանդաբար վայելում է հասարակության հարգանքն ու ակնածանքը։ Շատերի համար դուք մարմնավորում եք այլոց առողջության համար պայքարելու պատրաստ մարդու կերպարը։ Ձեր երդմանը հավատարիմ` դուք նվիրվել եք մեր քաղաքացիների առողջության պահպանման և կյանքի որակի բարելավման շնորհակալ գործին»,- մեջբերեցին Սարգսյանի մամուլի ծառայությունից։

Կառավարության ղեկավարը նշեց նորագույն պատմության մեջ բուժաշխատողների անձնուրացության բազմաթիվ դրվագներ, երբ թե տարերային աղետների ժամանակ, թե ռազմական գործողությունների բովում վտանգելով սեփական կյանքը նրանք փրկում էին հարյուրավոր մարդկային կյանքեր։ 

«Վստահ եղեք, որ մենք գնահատում ենք ձեր շնորհակալ աշխատանքն ու շարունակելու ենք, պետության հնարավորությունների մեծացմանը զուգահեռ, բարելավել թե ձեր աշխատանքի պայմանները, թե լուծել առողջապահության ոլորտի աշխատողների առաջ ծառացած խնդիրները։ Օգտվելով այս հրաշալի առիթից` ևս մեկ անգամ իմ երախտիքի խոսքն եմ ուղղում մեր բոլոր բուժաշխատողներին, մաղթելով ձեզ առողջություն, հաջողություններ ու մասնագիտական նորանոր նվաճումներ»,- նշեց  Սարգսյանը։

Այդ կապակցությամբ Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը պատվոգրերով պարգևատրեց 40 բուժաշխատողի՝ շնորհակալություն հայտնելով բոլոր բուժաշխատողներին մարդասիրական գործունեության համար։

«Դուք մշտապես գործ ունեք ամենաթանկ բանի՝ մարդու առողջության և կյանքի հետ։ Մեր երկրի համար ամենաբարդ ժամանակահատվածներում մենք միշտ եղել ենք ժողովրդի կողքին՝ Հիպոկրատի երդմանը հավատարիմ»,- ասաց Քուշկյանը։ -0-