Հայաստանում «երիտասարդացել է» դեռահասների հանցավորությունը. փորձագետ

21.06.2010, 16:13
Հայաստանում «երիտասարդացել է» դեռահասների հանցավորությունը. փորձագետ

Ներկայում Հայաստանում հանցագործությունների մեծ մասը կատարվում է 11-12 տարեկան երեխաների կողմից, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԵՊՀ սոցիոլոգիայի և հոգեբանության ամբիոնի դոցենտ, փորձագետ հոգեբան Դավիթ Ամիրյանը։

Ըստ  փորձագետ հոգեբանի, նախկինում հանցագործություններն առավելապես կատարվում էին 14-18 տարեկան դեռահասների կողմից։

 «Դեռահասների մոտ հոգեբանական հասունության ընթացքը շարունակվում է մինչև 17 տարեկանը, որից հետո այն կենտրոնները, որոնք պատասխանատու են անձի ձևավորման և դաստիարակության համար, կորցնում են այն ուղղելու և ճիշտ ուղու վրա կանգնեցնելու հնարավորությունը»,- նշեց Ամիրյանը։

Նա պարզաբանեց, որ առաջին հերթին երեխայի զարգացման և դաստիարակման համար պատասխանատու կենտրոնն ընտանիքն ու դպրոցն է։

«Ծնողների, դպրոցի դաստիարակման փոխարեն դաստիարակություն է տրվում ԶԼՄ-ների, ինտերնետային խաղերի և էրոտիկ ֆիլմերի կողմից։ Կարելի է ենթադրել, որ երեխայի կողմից կատարված ցանկացած հանցագործություն սոցիալական հիվանդություն է և իրեն ծնող սոցիալական միջավայրի ինքնատիպ պատասխանը»,- ասաց Ամիրյանը։

Ըստ նրա, այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ընտանիքի և դպրոցի սերտ համագործակցությունը, ինչպես նաև հասարակության կողմից մշակված որոշակի քաղաքական ծրագրի մշակումը։

Սակայն, ըստ Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանի, սոցիալական անապահովությունը, տնտեսական խնդիրները, հասարակության և հետևաբար ընտանիքի բարոյական դրվածքը թույլ չեն տալիս այդ կենտրոններին լիովին կատարել իրենց գործառույթները։

Ըստ ոստիկանության տվյալների, առաջին չորս ամիսների ընթացքում. 2009թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում անչափահասների կողմից կատարված 113 հանցագործություն է գրանցվել։ 2009թ.-ի ընթացքում երեխաների և դեռահասների միջև 532 հանցագործություն է գրանցվել։ Հանցագործությունների առաջին տեղում են մանր գողություններն ու մարմնական վնասվածքները։ -0-