Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում

16.06.2010, 19:59
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սագրսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունից։  

Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով հունիսի 17-19-ը աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Սանկտ Պետերբուրգի ամենամյա միջազգային տնտեսական համաժողովին:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի՝ 2010 թվականի առաջին և միակ եռակողմ հանդիպումը կայացել է հունվարին՝ Սոչիում։ Դա այդ ձևաչափով նախագահների չորրորդ հանդիպումն էր։

Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի տեղի հայ համայնքի 300-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:

ՀՀ նախագահը Հայկական ազգային մշակութային կենտրոնում հանդիպում կունենա համայնքի ղեկավարության հետ, ներկա կգտնվի Սալտիկով-Շչեդրինի անվան ազգային գրադարանում հայկական ձեռագրերի եւ հին տպագիր գրքերի ցուցադրության բացմանը։

Պետության ղեկավարը կմասնակցի նաև Երևանի ու Սանկտ Պետերբուրգի պետհամալսարանների միջև համագործակցության ծրագրի ստորագրման արարողությանը:

ՀՀ նախագահը նաև ներկա կգտնվի Մարինյան համերգասրահում հայ համայնքի 300- ամյակին նվիրված տոնական համերգին, կմասնակցի համայնքի հոբելյանի կապակցությանբ Տավիրկյան պալատում կայանալիք պաշտոնական ընդունելությանը, որտեղ հանդես կգա ելույթով:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-