Հայաստանն իր առջև ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդիր չի դնում, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը։
«Հարկ է նշել, որ անդամակցությունը մի բան է, իսկ համագործակցությունը միանգամայն այլ բան է, և պետք է սա տարբերել, հատկապես նկատի առնելով Հայաստանի մասնակցությունն այնպիսի կառույցում (ՀԱՊԿ), որի կազմում է նաև Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը»,- երեքշաբթի ասաց նա լրագրողներին «Հասարակական ընկալումները ՆԱՏՕ-ի գործողությունների և անվտանգության ու պաշտպանական բարեփոխումների վերաբերյալ» միջազգային սեմինարի շրջանակներում։
Կիրակոսյանի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը տարվում է մի քանի ուղղություններով, այդ թվում՝ քաղաքականության և անվտանգության հարցերով, ինչը ենթադրում է բարձր մակարդակով քաղաքական երկխոսություն ՆԱՏՕ-ի և Դաշինքի անդամ-երկրների հետ։
«Բացի այդ, փոխգործակցությունն իրականացվում է Հայաստանում պաշտպանական ոլորտի և անվտանգության հարցերի իրագործվող բարեփոխումների շրջանակներում, մասնավորապես, բանակում ժողովրդավարական բաղկացուցչի բարձրացման առումով, ինչպես նաև գիտության, առողջապահության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում հանրային իրազեկվածության գծով»,- ասաց հայկական ԱԳՆ ղեկավարի տեղակալը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական, հանրային դիվանագիտության ստորաբաժանման ղեկավար Ժան Ֆրանսուա Բյուրոյի (Jean-Francois Bureau) կարծիքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ որոշումը պետք է ինքը Հայաստանն ընդունի։ Միաժամանակ նա ընդգծեց, որ վերջին երկու տարիների ընթացքում նման միջոցառումների շնորհիվ Հայաստանի և ՆԱՏՕ-ի կապերն ավելի են ամրապնդվել և ավելի բարեկամական բնույթ են կրում։
ՆԱՏՕ-ում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը, պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին, ասաց, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը զարգանում է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) շրջանակներում։
«Հարաբերությունները դասակարգվում են որպես լուրջ և գործընկերային, որոնք ուղղված են պաշտպանական ոլորտում իրագործվող բարեփոխումների օժանդակության ստացմանը, ինչպես նաև ընդհանուր առմամբ անվտանգության մթնոլորտի բարելավմանը»,- ասաց նա։
Միաժամանակ Մկրտչյանը նշեց, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ փոխհամաձայնեցված ծրագրեր է իրականացնում, և կողմերը որևէ պահանջ չեն ներկայացնում միմյանց։ «Մենք համաձայնեցնում ենք մեր խնդիրները և մեզ համար օգտակար ծրագրերը և ստանում ենք ՆԱՏՕ-ի համապատասխան փորձագետների աջակցությունը»,- պարզաբանեց նա։
Հայաստանը Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) մասնակից է 2005 թվականի դեկտեմբերից։ -0-