Հայ մասնագետներն առաջարկում են ողջ հանրապետությունը հնագիտական գոտի հայտարարել

14.06.2010, 17:28
Հայ մասնագետներն առաջարկում են ողջ հանրապետությունը հնագիտական գոտի հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /Նովոստի-Արմենիա/.  Երևանի «Էրեբունի» թանգարան-արգելոցի տնօրեն Գագիկ Գյուրջյանը կարծում է, որ Հայաստանի ողջ տարածքը պետք է հնագիտական գոտի հայտարարել։

Ըստ նրա, դա թույլ կտա պահպանել երկրի պատմական ժառանգությունը, քանի որ նման կարգավիճակը ենթադրում է շինարարական կամ հողային ցանկացած աշխատանքների իրականացումից առաջ հնագիտական ուսումնասիրությունների անցկացում։

Գյուրջյանը նշեց նաև պեղումների անցկացման և պատմական արժեքների պահպանման հետ կապված բոլոր հարցերը կարգավորող «Հնագիտության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը։

Իր հերթին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն ասաց, որ Հայաստանը աշխարհի զարգացման մասին եզրակացություններ կազմող, միջազգային նշանակության հսկայական պատմական հուշարձաններ ունեցող բացառիկ երկիր է։

Ըստ նրա, պատմական հուշարձանների պահպանումը ոչ միայն մասնագետների, այլ ողջ հասարակության գործը պետք է դառնա։ -0-