Վրաստանը կարող է միջնորդ դառնալ Հայաստանի և Թուրքիայի միջև. Նալբանդյան

14.06.2010, 17:00
Վրաստանը կարող է միջնորդ դառնալ Հայաստանի և Թուրքիայի միջև. Նալբանդյան
Վրաստանը կարող է միջնորդ դառնալ Հայաստանի և Թուրքիայի միջև. Նալբանդյան

Վրացական կողմը կարող է միջնորդ հանդիսանալ Հայաստանի և Թուրքիայի միջև՝ այդ երկրների միջև հարաբերությունների կարգավորման նպատակով, հայտնեց Թբիլիսիում այցով գտնվող ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:

«Ցանկացած միջնորդություն, որը կնպաստի Հայաստանի և Թուրքիայի գործընթացի կարգավորմանն ու հարաբերությունների վերականգնմանը, դրական կընդունվի»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նալբանդյանը՝ մեկնաբանելով Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մեջ Վրաստանի հնարավոր մասնակցությունը:

Ըստ նախարարի, ներկա պահին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում «ընդմիջում» է առկա:

Ըստ նրա, բանակցությունների դադարեցման պատճառ են դարձել նաև «Թուրքիայի՝ Հայաստանին ներկայացրած նախապայմանները»:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը: -0-