Հայաստանը պատրաստ է գյուղատնտեսական ապրանքներ և ոգելից խմիչքներ մատակարարել Բելառուս

11.06.2010, 18:10
Հայաստանը պատրաստ է գյուղատնտեսական ապրանքներ և ոգելից խմիչքներ մատակարարել Բելառուս

Հայաստանը պատրաստ է գյուղատնտեսական ապրանքներ մատակարարել Բելառուս, Բելառուսի գյուղատնտեսության և պարենի նախարար Միխաիլ Ռուսիի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ գյուղտնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Գերասիմ Ալավերդյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բելառուսում անցկացվող «ԲԵԼԱԳՐՈ-2010»  20-րդ միջազգային ցուցահանդեսին։

ՀՀ գյուղտնտեսության ղեկավարը նշել է, որ հայկական կողմը պատրաստ է Բելառուս բանջարեղեն, մրգեղեն, չրեր, հանքային ջրեր և ալկոհոլային խմիչքներ մատակարարել։

Ալավերդյանը ցանկություն է հայտնել Բելառուսից Հայաստան սերմնացու ներմուծել։ Նա նաև նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է Մինսկի տրակտորների գործարանի արտադրանքով, Հայաստանում դրա սպասարկման կենտրոնների հիմնմամբ, պահեստամասերի մատակարարմամբ:

Նախարարը նաև առաջարկել է ուսումնասիրել փոխադարձաբար գյուղմթերքի մշտապես գործող ցուցահանդեսներ հաստատելու հնարավորությունը:

Բանակցություններին մասնակցող Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանն իր հերթին նշել է  Հայաստանից Բելառուս ձկնեղենի արտահանման հնարավորության, հայկական կոնյակի Բելառուս ներմուծման քվոտայի ավելացման ցանկության և առհասարակ, փորձի փոխանակման կարևորությունը:

Այցի ընթացքում Հայաստանի գյուղնախարարության պատվիրակությունն այցելել է Բելառուսի առաջատար տնտեսություններ, ծանոթացել աշխատանքի կազմակերպման բելառուսական ժամանակակից մեթոդներին, անասնաբուծական, կաթնամթերքի արտադրության նոր տեխնոլոգիաներին: -0-