Երևան-Բաթումի-Երևան գնացքի գործարկումն են քննարկել Հայաստանի և Վրաստանի երկաթուղայինները

11.06.2010, 15:51
Երևան-Բաթումի-Երևան գնացքի գործարկումն են  քննարկել Հայաստանի և Վրաստանի երկաթուղայինները
Երևան-Բաթումի-Երևան գնացքի գործարկումն են  քննարկել Հայաստանի և Վրաստանի երկաթուղայինները

«Վրացական երկաթուղի» ԲԲԸ և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ լիազոր ներկայացուցիչների խորհրդակցությունն է  կայացել  նախօրեին հայ-թուրքական սահմանի Բագրատաշեն սահմանամերձ կետում:

«Խորհրդակցությունը  կազմակերպվել է Երևան-Բաթումի-Երևան սեզոնային ուղևորագնացքի գործարկման ապահովման և դրա շահագործմանը վերաբերող հարցերի վերջնական համաձայնեցման նպատակով»,- ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից:

Դրանց թվում է գնացքի երթևեկության ժամանակացույցի հաստատումը, ուղևորային միջազգային սակագների համաձայնեցումը, միջազգային ուղևորահաղորդակցության մասին ԱՊՀ մասնակից պետությունների երկաթուղիների վարչությունների միջև համաձայնագրին համապատասխան բլանկային տոմսերի կիրառումը, Պետական սահմանի հատման կանոնները:

Խորհրդակցությանը հայկական կողմից ներկա են եղել նաև Տրանսպորտի և կապի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, վրացական կողմից՝ Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության, ՆԳՆ պարեկային ոստիկանության դեպարտամենտի, Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ներկայացուցիչներ:

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0--