ՀՀ նախագահը դրական է վերաբերվում միջազգային չափանիշներին համապատասխանող մասնավոր դպրոցների բացմանը

10.06.2010, 12:33
ՀՀ նախագահը դրական է վերաբերվում միջազգային չափանիշներին համապատասխանող մասնավոր դպրոցների բացմանը
ՀՀ նախագահը դրական է վերաբերվում միջազգային չափանիշներին համապատասխանող մասնավոր դպրոցների բացմանը

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դրական է վերաբերվում Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխանող մասնավոր դպրոցների հիմնման գաղափարին, տեղեկացրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը՝ պատասխանելով «Առավոտ» թերթի հարցին:

 «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին կառավարության օրինագիծը նախատեսում է Հայատանի դպրոցներում օտարալեզու կրթության ներդրում՝ բուհերում գործող նմանատիպ համակարգի հիման վրա: Այս օրինագիծը լայն արձագանք է ստացել հասարակությունում: Մի շարք քաղաքական և հասարակական ուժեր դեմ են օրինագծին՝ պատճառաբանելով, որ այն կարող է վնասել ազգային ինքնությանը:

Արզումանյանը պարզաբանել է, որ «քննարկվում է ոչ թե օտարալեզու, այլ միջազգային չափանիշներին համապատասխան մի քանի մասնավոր դպրոց Հայաստանում հիմնելու խնդիրը», և ՀՀ նախագահը «դրան դրական է վերաբերվում»:

«Սա հնարավորություն կտա օժտված շատ երեխաների ոչ թե բռնել օտարության ճանապարհն, այլ Հայաստանում լիարժեք կրթություն ստանալ: Ընդ որում, այդ դպրոցներում հայագիտական առարկաների ուսումնասիրությունը պարտադիր է լինելու: Այդպիսի դպրոցների շնորհիվ սփյուռքահայ երեխաները կարող են Հայաստանում կրթություն ստանալ, ավելի սերտ կապեր հաստատել հայրենիքի հետ», - հաղորդում է թերթը՝ հղում անելով Արզումանյանին:

Նրա խոսքերով՝ այդ դպրոցների թիվը սահմանափակվում է օրենքով, իսկ դրանց հիմնադրումը յուրաքանչյուր առանձին դեպքում դառնալու է Հայաստանի Հանրապետության կառավարության քննության առարկա:

Արզումանյանը նշել է, որ կրթության և գիտության նախարարությունն էլ պատասխանատվություն է կրելու որակի վերահսկման համար:

Նա ափսոսանք է հայտնել, որ «օրենքը քննադատողները հաճախ ուղղակի տեղյակ չեն նախագծի մանրամասներին կամ հարցը միտումնավոր տեղափոխում են բոլորովին այլ ոլորտ և իրենց հայտարարություններով խառնաշփոթ ստեղծում խնդրի հանրային ընկալման մեջ»:

Օրինագծի համաձայն, երկրում կարող է գործել առավելագույնը 15 օտարալեզու դպրոց, որոնցից ութը՝ Երևանում: Միաժամանակ նույն լեզվով ուսումնական ծրագիրն իրականացնող դպրոցների թիվը չի կարող գերազանցել հինգը:

Միաժամանակ օտարալեզու ուսուցումը թույլատրվում է միայն մասնավոր դպրոցներում, ինչպես նաև միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերի հիման վրա ստեղծված ուսումնական հաստատություններում: Օտարալեզու դպրոցներում ՀՀ քաղաքացիներին հայոց լեզվի և հայագիտության խմբին պատկանող առարկաների ուսուցումը պարտադիր է:

Հայաստանում այսօրվա դրությամբ գործում է ավելի քան 1450 հանրակրթական դպրոց: Դրանց թվում է նաև երկու ռուսական դպրոց, սակայն այնտեղ կարող են ուսանել միայն Ռուսաստանի քաղաքացիներն ու ծագումով ոչ հայերը:-0-