Ախալցխայի հայերը զգուշանում են վրացի կաթոլիկներին հայկական եկեղեցին փոխանցելուց

08.06.2010, 15:53
Ախալցխայի հայերը զգուշանում են վրացի կաթոլիկներին հայկական եկեղեցին փոխանցելուց

Ախալցխայի հայերը զգուշանում են վրացի կաթոլիկներին Երևման Սուրբ Խաչ հայկական եկեղեցին փոխանցելուց, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի նախարարությանը կից  Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը։

Ըստ նրա՝ հետազոտողները վստահ են, որ եկեղեցին գործում է 13-րդ դարից, նաև դեռ չհաստատված ավանդություն կա այն մասին, որ տաճարը գոյություն է ունեցել դեռ 7-րդ դարից։

«Բայց այն, որ 13-րդ դարից այնտեղ հայկական եկեղեցի է գործել, կասկած չի կարող լինել։ Այդ եկեղեցին չէր կարող կաթոլիկ լինել, քանի որ Ախալցխայում կաթոլիկությունն ի հայտ է եկել միայն 17-րդ դարում»,- ասաց Սիմոնյանը։

Ըստ նրա՝ եկեղեցին ի սկզբանե պատկանել է Հայ Առաքելական Եկեղեցուն, իսկ ավելի ուշ, երբ Ախալցխան հայ կաթոլիկների կենտրոնը դարձավ, տաճարը նրանց անցավ։

Նա հիշեցրեց, որ եկեղեցին քանդվել է 1828-1829թթ.-ի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ և վերականգնվել է Շառլ Ազնավուրի անմիջական նախահայրերի կողմից՝ Ազնավուրյան եղբայրների կողմից 1866-1886թթ.-ին։ 1903թ.-ին այնտեղ մեծ աղոթարան և զանգակատուն է կառուցվել։

Այժմ, ըստ պատմաբանի՝ եկեղեցին աղետալի վիճակում է և վերականգնման կարիք ունի։

Սիմոնյանը կարծում է, որ տաճարը պետք է վերականգնվի տեղացի և հայ մասնագետների ջանքերով, իսկ նրա պատկանելության հարցը պետք է Հայ Առաքելական Եկեղեցու և հայ կաթոլիների հոգևոր առաջնորդները որոշեն։ Ընդ որում, փորձագետը կարծում է, որ եկեղեցին ոչ մի դեպքում չի կարելի վրացի կաթոլիկներին փոխանցել։

Ըստ Սիմոնյանի՝ տաճարը հայերին պատկանելու վկայությունն այն է, որ այնտեղ անցկացվող աշխատանքների ժամանակ երեք խաչքար է հայտնաբերվել, որոնցից երեքի վրա հայերեն լեզվով գրություններ և «1366» տարեթիվն է փորագրված եղել։

Միաժամանակ նա նշեց, որ այնտեղ աշխատանքներն առանց ընդունված հնագիտական նորմերին հետևլու են անցկացվել։

Պատմաբանը նաև նշեց, որ Ախալցխայում գտնված խաչքարերը նաև հերքում են այն պնդումը, թե իբրև հայ բնակչությունն այնտեղ 1828թ.-ի Կարինից (Էրզրումից) հայերի գաղթից հետո է հայտնվել՝ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։ -0-