Հայաստանը միացել է Աշխատանքային միգրանտների իրավական կարգավիճակի մասին ԱՊՀ կոնվենցիային

07.06.2010, 15:32
Հայաստանը միացել է Աշխատանքային միգրանտների իրավական կարգավիճակի մասին ԱՊՀ կոնվենցիային
Հայաստանը միացել է Աշխատանքային միգրանտների իրավական կարգավիճակի մասին ԱՊՀ կոնվենցիային

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները երկուշաբթի կայացած նիստի ժամանակ վավերացրել են Աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների իրավական կարգավիճակի մասին ԱՊՀ կոնվենցիան։

Ինչպես նիստի ժամանակ նշեց ՀՀ միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը, կոնվենցիան ստորագրվել է 2008թ.-ի նոյեմբերի 14-ին Քիշնևում։

«Վեց-յոթ տարվա ընթացքում կոնվենցիան քննարկումների բավականին երկար ճանապարհ է անցել և օրինական աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանության ճափազանց կարևոր հարց է լուծում»,- ասաց գործակալության պետը։

Ըստ նրա՝ կոնվենցիան սահմանում է օրիանական միգրանտների իրավունքների երկու խումբ։ Առաջին խմբում, ինչպես տեղեկացրեց Եգանյանը, ներառված են աշխատանքային իրավունքները, որոնք օրինական միգրանտներին հավասարեցնում են ընդունող պետության քաղաքացիներին։ Մասնավորապես՝ միգրանտներին աշխատանքի և հանգստի արժանի պայմաններ են երաշխավորվում:

Երկրորդ խումբը, ինչպես նշեց ծառայության պետը, վերաբերում է օրինական  աշխատանքային միգրանտների ընտանիքների անդամներին։ Եգանյանի կողմից բերված տվյալներով՝ միգրանտների ընտանիքի անդամներին կրթական, մշակութային և այլ հիմնարար իրավունքներ են երաշխավորվում։ -0-