Առաջին անգամ Հայաստանում մեկնարկում է «Հայոց թագավորներ, թագուհիներ և իշխաններ» ճանաչողական երթուղին

03.06.2010, 16:40
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկում է «Հայոց թագավորներ, թագուհիներ և իշխաններ» ճանաչողական երթուղին

«Հայոց թագավորներ, թագուհիներ և իշխաններ» ճանաչողական երթուղին է մեկնարկում Արագածոտնի մարզի Ագարակի հնավայրում ուրբաթ և կշարունակվի միևնույն մարզի Աղցք գյուղում, Արշակունիների արքայատոհմի՝ 4-րդ դ. Կառուցված դամբարանի մոտ, հաղորդում է «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» մշակութահասարակական կազմակերպության մամուլի ծառայությունը։

Ագարակը Հայաստանի հինավուրց հնագիտական հուշարձաններից է և «ծիսական  լանդշտաֆի» եզակի օրինակ է, որի հետ զուգահեռները տանում են դեպի  Փոքր Ասիայի խեթա-փռյուգական հուշարձաններ։ Աղցք գյուղը նշանավոր է Արշակունիների արքայատոհմի հայ թագավորների խոշոր դամբարանով, ինչպես նաև 5-րդ դ. բազիլիկով՝ վերակառուցված 19-րդ դարում։

«Այս երթուղիները հնարավորություն են տալիս զբոսաշրջիկներին մեր ազգային ինքնության ձևավորման և թագավորների կյսնքին ծանոթանալ, որոնք իրենց ներդրումն են արել ինքնության պահպանման գործում»,- ասվում է հաղորդագրությունում։

«Հայոց թագավորներ, թագուհիներ և իշխաններ» ճանաչողական երթուղին կնշանավորի Հայաստանում «Բացահայտման երթուղի» ծրագրի մեկնարկը և  ԱՄԱՓ-ի կողմից 2010թ.-ին կազմակերպված երրորդ միջոցառումն է։

Միջոցառումը կազմակերպվել է ԱՄԱՓ-ի կողմից՝ «Իկոմոս-Արմենիա» հասարակական կազմակերպության աջակցությամբ, որը ստեղծվել է 2002թ.-ին: -0-