Հայաստանը մտադիր է ամրապնդել հարաբերությունները Կանադայի հետ. ԱԳՆ

01.06.2010, 17:30
Հայաստանը մտադիր է ամրապնդել հարաբերությունները Կանադայի հետ. ԱԳՆ

Հայաստանը մտադիր է գործուն քայլեր ձեռնարկել Կանադայի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման համար, Օտտավա կատարած պաշտոնական այցի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում է հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս Կանադայի հետ բազմաբովանդակ փոխհարաբերությունների հետագա խորացմանը և ամրապնդմանը:  21-րդ դարում աշխարհագրական հեռավորությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ համագործակցության ընդլայնման համար: Հայաստանը հաջողությամբ զարգացնում է հարաբերությունները հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող շատ երկրների հետ»,- Կանադայի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Լոուրենս Քեննոնի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

Նալբանդյանն ընդգծեց, որ Կանադա կատարած իր այցը նպատակասրված է ուղիղ հարաբերությունների ամրապնդմանը:

Առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման շուրջ քննարկումների համատեքստում նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանում գործում են կանադական կապիտալով շուրջ երկու տասնյակ ընկերություններ, և համատեղ ջանքերով դրանց թիվը կարող է ավելանալ:

Նալբանդյանն ու Քեննոնը անդրադարձ կատարեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացման հարցերին:

ՀՀ արտգործնախարարը նաև հանդիպեց քաղաքացիության, ներգաղթի և բազմամշայութայնության նախարար Ջեյսոն Քեննիի հետ, ով նշեց, որ հայկական համայնքի ընկերն է և միշտ ուշադիր հետևում է Հայաստանում և տարածաշրջաններում  կատարվող գործընթացներին:

Բացի այդ Նալբանդյանը նաև հանդիպել է հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել է Հայաստանի արտաքին քաղաքականության մասին նրանց մտահոգող հարցերին:-0-