Դաշնակցությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին ուշադիր լինել Եվրախորհրդարանի բանաձևի վտանգավոր միտումների հանդեպ

01.06.2010, 16:17
Դաշնակցությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին ուշադիր լինել Եվրախորհրդարանի բանաձևի վտանգավոր միտումների հանդեպ

Հայաստանի իշխանությունները պետք է մեծ ուշադրություն դարձնեն Եվրախորհրդարանի բանաձևում առկա վտանգավոր միտումներին, որը պատրաստվել է բուլղարացի Եվգենի Կիրիլովի կողմից, այդ կարծիքին է Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ Հայաստանի համար մեծ վտանգ է ներկայացնում ոչ միայն ազատագրված տարածքներից հայկական ուժերի դուրսբերման պահանջը, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի համանախագահության փոխարինումը Եվրամիության ներկայացուցչությամբ և Սևծովյան միության ստեղծման առաջարկը:

Եվրախորհրդարանը մայիսի 20-ին բանաձև է ընդունել Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ, որը պատրաստել է բուլղարացի խորհրդարանական Եվգենի Կիրիլովը։ Փաստաթղթում ասվում է, որ Ղարաբաղը պետք է ուժերը դուրս բերի «Ադրբեջանի բոլոր բռնազավթված տարածքներից»։

«Վտանգավոր է միտումը, որ ոչ միայն Ադրբեջանն է կասկածի տակ դնում Մինսկի խմբի համանախագահների մանդատը, այլև Եվրախորհրդարանը»,- նշեց Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ բացառված չէ, որ եթե նման որոշում այնուամենայնիվ ընդունվի, ապա ռոտացիայի արդյունքում Եվրոպայի կողմից համանախագահի տեղը կարող է հակահայկական տրամադրված երիր զբաղեցնել:

Ինչ վերաբերում է Սևծովյան միության ստեղծման վերաբերյալ առաջարկին, ապա Հովհաննիսյանը կարծում է, որ դրանում տոն կստեղծեն Ռուսաստանն ու Թուրքիան, և ռուս-թուրքական մերձեցման պայմաններում նման միության մեջ մասնկացությունը ակնհայտորեն Հայաստանի շահերից չէ բխում:

Ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավարի՝ այդ բանաձևը Հայաստանի վրա ճնշում գործադրելու տարրերից մեկն է և արտերկրի պետությունների մոտ ձևավորված տպավորության հետևանք, թե Հայաստանի ներկա իշխանությունները պատրաստ են զիջումների և ի վիճակի են ցանկացած, նույնիսկ հասարակության մեջ ամենաչընդունված որոշումը կայացնել:

Հովհաննսիսյանն ընդգծեց, որ իշխանությունները պետք է առավել ուշադիր լինեն ընդդիմության ձայնին և լսեն այն խելամիտ առաջարկները, որ նա անում է: -0-