ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին ելույթ ունենալով Բրյուսելում Արևմուտքի և Արևելքի մշակույթների և երկխոսության «Վիլա Ամպեն» կենտրոնում, որը հիմնադրվել է «Պողոսյան» հիմնադրամի կողմից, հայատյացությունը մարդատյացության ամենաարմատական դրսևորումներից մեկն է անվանել:
«Վիլա Ամպեն» կենտրոնը գործում է հայտնի բարեգործներ Ժան և Ալբեր Պողոսյանների ղեկավարությամբ: Կենտրոնը հիմնելու գաղափարը բարոն Լուի Ամպենին է պատկանում: Սակայն դրան Երկրորդ համաշխարհային պատերազմը խանգարեց:
«Երբ այսօր մեր հարևան մեկ այլ երկրից անընդհատ հնչում են ատելության և պատերազմի սպառնալիքի կոչեր, ես կրկին հիշում եմ պատմության անողոք դասերը»,- ասաց ՀՀ նախագահը:
Ըստ նրա՝ Ադրբեջանում, ինչպես և Օսմանյան կայսրությունում, հայերին ընկալեցին որպես օտար մարմին, խանգարող, անպետք մի երևույթ, որից պետք է ազատվել ջարդերի և կոտորածների միջոցով: Սակայն այդ ամենից հետո Բաքուն կրկին փորձում է գերիշխանություն հաստատել Լեռնային Ղարաբաղի և նրա ազատատենչ ժողովրդի հանդեպ. այն ժողովրդի, ում ցանկանում էր ոչնչացնել:
«Հայատյացությունը դառնում է մտածելակերպ, դրա տարածումը` պետական քաղաքականություն: Հայատյացությունն այսօր մարդատյացության ամենաարմատական դրսևորումներից է: Մարդասիրությունը դիմակայեց ճակատամարտը, սակայն մարդատյացության դեմ պատերազմը շարունակվում է»,- Սարգսյանի խոսքերը մեջբերեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:
«Մարդատյացությունը տանուլ տվեց ճակատամարտը, բայց ավաղ ոչ պատերազմը: Աշխարհում քանի՞ տեղ է մնացել, որտեղ մանուկներն աչքերը երկնքին են հառում ոչ թե արևին ողջունելու և երկնքով հիանալու, այլ համոզվելու համար, թե արդյո՞ք երկնքից մահ չի գահավիժելու»,- ասաց ՀՀ նախագահը:
Ըստ նրա՝ Բարոն Ամպենի վսեմ նպատակի իրականացմանը խանգարեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: «Պատերազմի իսկական վերջն ազդարարվեց Նյուրնբերգի դատավարությամբ, ուր մարդասիրությունը հաղթեց մարդատյացությանը: Այսօր «Վիլա Ամպենում» Պողոսյան հայ ընտանիքի շնորհիվ իրականություն է դառնում բարոն Ամպենի տեսլականը, որովհետև մենք` հայերս, չենք վախեցնում ուրիշների երեխաներին զենքի շաչյունով, որովհետև մեր նպատակը մշակույթների երկխոսությունը և փոխադարձ հարստացումն է»,- ասաց նախագահը:
Ըստ նրա՝ հայտարարություններով, հռչակագրերով կամ լոկ բարի կամք դրսևորելով հնարավոր չէ լուծել անհանդուրժողականության և խտրականության խնդիրները: « Քսաներորդ դարի վերջում մարդկությունն ականատես եղավ ահավոր նոր ոճրի` Ռուանդայում իրականացված ցեղասպանությանը: Այդ ցեղասպանությունը սկզբում իրականացվեց խոսքով: Այդ տառապանքի ճանապարհով էլ ենք մենք` հայերս, ստիպված եղել անցնել: Սակայն Մեծ եղեռնի ժամանակ չկային ժամանակակից ռադիոն և հեռուստատեսությունը, իսկ Ռուանդայում իրականացված հանցագործության գաղափարախոսներն իրենց թույնը թափեցին լրատվության հե՛նց այդ ժամանակակից միջոցներն օգտագործելով»,- ասաց Սարգսյանը:
Սարգսյանն ասաց, որ ատելության քարոզչությունը խոսքի ազատության չեզոք օգտագործման ձև չէ, քանի որ այն չարաշահում է ազատությունը շատ հստակ մի խմբի հանդեպ ատելություն և դրանից բխող բռնություն սերմանելու նպատակով: «Ով էլ լինի այդ խմբի ներկայացուցիչը` հրեա թե թութսի, արաբ թե հայ, բազմապատկվում է նրանց բռնության և հանցագործության զոհ դառնալու հավանականությունը»,- ասաց ՀՀ նախագահը:
«Վերջին ժամանակաշրջանում հայերն են դարձել նման ատելության քարոզչության թիրախ: Երբ մեր հարևան երկրներից մեկի ղեկավարը խոսում է այն մասին, որ հայերին պետք է արտաքսել միայն այն բանի համար, որ նրանք հայեր են, ես ակամայից վերհիշում եմ այն, ինչ տեղի ունեցավ 1915թ-ին: Բայց ես նաև չեմ կարող անտեսել այն, ինչ տեղի ունեցավ Ռուանդայում, ուր նմանատիպ ելույթները սփռվում էին ռադիոյով և հեռուստատեսությամբ, որպեսզի խաթարեն բռնությանը պատրաստ անդորրը»,- ասաց նախագահը: -0-