ԱՊՀ երկրների ներկայացուցիչները Երևանում քննարկեցին մինչև 2020 թվականը նորարարական համագործակցության հեռանկարները

26.05.2010, 17:12
ԱՊՀ երկրների ներկայացուցիչները Երևանում քննարկեցին մինչև 2020 թվականը նորարարական համագործակցության հեռանկարները
ԱՊՀ երկրների ներկայացուցիչները Երևանում քննարկեցին մինչև 2020 թվականը նորարարական համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ անդամ պետությունների նորարարական համագործակցության միջպետական նպատակային ծրագրի նախագծի մշակման աշխատանքային խմբի հինգերորդ նիստն անցկացվեց Երևանում՝ մայիսի 25-26-ը, տեղեկացնում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունը։

Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը, Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը և ԱՊՀ Գործադիր Կոմիտեն։

Քննարկմանը մասնակցեցին Համագործակցության գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչները։ «ԱՊՀ երկրների համագործակցության առաջնահերթությունները նորարարությունների ոլորտում բազմիցս քննարկվել են պետությունների ղեկավարների կողմից։ Առաջին հերթին, դրանք այն ոլորտներն են, որոնք կարող են ճեղքման ազդեցություն ունենալ Համագործակցության երկրների ընդհանուր ողջ ներուժի միավորման հաշվին՝ ինքնաթիռաշինություն ու նավաշինություն, էներգետիկա և էներգախնայողություններ, տիեզերք և կենսատեխնոլոգիաներ»,- ասաց ԱՊՀ գործերի Դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Իգոր Մորոզովը։

Իր հերթին, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը նշեց, որ նախկին և նոր կապերի հաստատումը մեծ դեր է խաղում Հայաստանի զարգացման համար։ «Սա հերթական քննարկում է, որի ընթացքում մենք կամփոփենք նախորդ հանդիպումների արդյունքները և կնախանշենք մեր հետագա ծրագրերը։ Դրան է ուղղված Նորարարական համագործակցության՝ վերջերս ստեղծված ռուս-հայկական կենտրոնի գործունեությունը»,- ասաց նա։  

2010 թվականի դեկտեմբերին աշխատանքային խմբի գործունեության արդյունքները կներկայացվեն ԱՊՀ երկրների նախագահներին։ Իսկ 2011 թվականի հունվարից մինչև 2020 թվականը նախատեսված է նախագծերի իրականացումը։ Իգոր Մորոզովի խոսքերով, ծրագրում ուշադրություն կհատկացվի նաև կրթությանը, մասնագետների պատրաստմանը, գիտական ենթակառուցվածքին։

«Համաշխարհային ճգնաժամը մեզ հասկացրեց, որ ժամանակակից տնտեսության համար սահմաններ գոյություն չունեն։ Այդ իսկ պատճառով ներկայում Եվրամիությունում գործում է յոթերորդ շրջանակային ծրագիրը, որը հիմնված է ԵՄ երկրների նորարարական համագործակցության վրա։ Մենք նմանատիպ ծրագիր ենք ստեղծում Համագործակցության երկրների համար, իսկ այնուհետև ցանկանում ենք տեխնոլոգիական միջանցքներ ստեղծել այդ ծրագրերի միջև՝ Եվրասիական նորարարական տարածքի ընդլայնման նպատակով, որպեսզի հետաքրքիր լինենք միմյանց համար և ինտեգրվենք տնտեսության համաշխարհային համակարգում»,- ասաց Մորոզովը։
 
Ինչպես նշեց Մորոզովը, Հայաստանում առկա է ինչպես ինտելեկտուալ, այնպես էլ արտադրողական ներուժ, որը կարելի է օգտագործել ԱՊՀ շահերի համար, ինչն, իր հերթին, Հայաստանին նոր աշխատատեղեր և պետբյուջեի մուտքեր կտա։

 «Հայաստանում գործում է «Մարս» ռուս-հայկական ընկերությունը, որում սկսել է «կյանք առնել» տնտեսությունը, մենք կկարողանանք այն ուժեղացնել Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի միջոցները ներգրավելու հաշվին»,- իր հերթին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը։ -0-