«Վերին Լարս» անցակետը գործում է մեծ տարողունակությամբ բեռնատար մեքենաների համար

24.05.2010, 17:29
«Վերին Լարս» անցակետը գործում է մեծ տարողունակությամբ բեռնատար մեքենաների համար
«Վերին Լարս» անցակետը գործում է մեծ տարողունակությամբ բեռնատար մեքենաների համար

Վրաստանի տարածքում տեղակայված «Վերին Լարս» հսկիչ անցակետը, որով հիմնական տարանցիկ բեռնափոխադրումներն են իրականացվում Հայաստանի և Ռուսաստանի միջև, գործարկվել է մեծ տարողունակությամբ բեռնատար մեքենաների համար, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը։

Վրաց-ռուսական սահմանի ցամաքային տեղամասի միակ պաշտոնական «Կազբեկի-Վերին Լարս» անցակետը չէր գործում շուրջ երեք տարի։ Այն փակ էր ռուսական կողմի որոշմամբ՝ ՀԱԿ նորոգման և այն ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտության պատճառով։ Անցակետը վերսկսել է աշխատանքը 2010 թվականի մարտի մեկից։

«Վրացական կողմի հետ կայացած քննարկումների արդյունքում, մայիսի 22-ից վերսկսվել է «Վերին Լարս–Կազբեկի» սահմանային մաքսային անցակետով բոլոր տեսակի ավտոմեքենաների, այդ թվում` մեծ տարողունակությամբ բեռնատարների, երթևեկությունը»,- ասաց Տոնոյանը։

Նա նշեց, որ բնակլիմայական պայմաններից ելնելով` մեծ տարողունակությամբ բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը անցակետով հնարավոր չէր իրականացնել և թույլատրված էր միայն թեթև մարդատար ավտոմեքենաների, մինչև 30 ուղևոր տարողունակությամբ ավտոմեքենաների և մինչև 10 տոննա տարողունակությամբ բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը:

Անցակետը բաց կլինի մարտի 1-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, բաց կլինի ամեն օր` ժամը 06:00-ից մինչև 22:00, իսկ նոյեմբերի 1-ից մարտի 1-ը`  ժամը 07:00-ից մինչև 19:00: -0-

Այժմ անցակետն ունի 12 գիծ տրանսպորտային միջոցների երթևեկության համար՝ վեցական տարբեր ուղղություններով: Կան նաև երկու պահուստային երթևեկության գծեր: Հսկիչ-անցակետի թողունակությունը կազմում է օրական մինչև 7 հազար մարդ, մինչև 50 ավտոբուս և մինչև 500 ավտոմեքենա: Բացի այդ, անձնագրերի վերահսկման համակարգն ապահովում է բիոմետրիկ չիպերով նոր սերնդի փաստաթղթերի ստուգումը:-0-