Ղարաբաղի հարցով Եվրախորհրդարանի բանաձևը լուրջ սպառնալիք չի ներկայացնում. փորձագետ

24.05.2010, 15:26
Ղարաբաղի հարցով Եվրախորհրդարանի բանաձևը լուրջ սպառնալիք չի ներկայացնում. փորձագետ

Հարավային Կովկասում  հակամարտության կարգավորման հարցով Եվրախորհրդարանի բանաձևը ղարաբաղյան հարցում բացասական զարգացումների լուրջ սպառնալիք չի ներկայացնում, երկուշաբթի ասաց Կովկասի ինստիտուտի քաղաքագիտության բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը:

«Եվրախորհրդարանի բանաձևը ես ինչ-որ «ուղերձ» չեմ համարում... Պետք է հասկանալ, որ Եվրախորհրդարանը ծանր բյուրոկրատական մարմին է: Եվ այդ տեքով բանաձևի ընդունումը տեխնիկապես հնարավոր է, քանի որ բյուրոկրատական մեխանիզմները նման վրիպումների հնարավորություն տալիս են: Դա կարող է մեր համապատասխան մարմինների վատ աշխատանքի մասին խոսել, բայց բանաձևը Ղարաբաղի շուրջ լուրջ զարգացումների համար՝ պատերազմ, տարածքների վերադաձ, որևէ նշանակություն չունեն»,- ասաց Մինասյանը:

Ղարաբաղյան հարցում Թուրքիայի ակտիվացման վերաբերյալ քաղաքագետն ասաց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ավելացրել է Թուրքիայի նշանակությունը տեղեկատվական դաշտում: Սակայն նա ընդգծեց, որ  տարածքների վերադարձման շուրջ «պարանոյիկ» հայտարարությունները չեն կարող բացասական ֆոն ստեղծել ղարաբաղյան հակամարտության դեպքում:

«Հայ-թուրքական գործընթացը բավական դրական դեր խաղաց, քանի որ Ադրբեջանը մոտ ժամանակում լուրջ քայլ անելու համար՝ պատերազմի սկսելու կամ ղարաբաղյան հարցում ինչ-որ լուրջ սրացումներ ստեղծելու համար վստահ չի լինի Թուրքիայի վրա՝ որպես դաշնակցի,»,- ասաց Մինասյանը:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն իր հերթին չհամաձայնեց գործընկերոջ հետ: Ըստ նրա, հայ-թուրքական գործընթացի արդյունքում Ղարաբաղի վերաբերյալ Թուրքիան ակտիվ դեր է ստանձնել և փորձում է բոլոր կառույցներում բարձրացնել այդ հարցը:

Բոզոյանն ընդգծեց, որ բոլոր մարմիններում խոսվում է միայն Հայաստանի կողմից արած փոխզիջուների և տարածքների վերադարձի մասին: Նրա կարծիքով, Հայաստանի իշխանությունները պետք է խստացնեն իրենց դիրքերն ու ռազմավարությունը, քանի որ նման բացասական դրսևորումների քանակը կարող է որակի վերածվել և սկսել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար սպառնալիք ներկայացնել:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-