Հայաստանի և Գերմանիայի ոստիկանությունները մտադիր են համագործակցության համաձայնագիր ստորագրել

20.05.2010, 20:05
Հայաստանի և Գերմանիայի ոստիկանությունները մտադիր են համագործակցության համաձայնագիր ստորագրել

Առաջիկայում համագործակցության համաձայնագիր կստորագրվի Գերմանիայի և  Հայաստանի ոստիկանության մարմինների միջև, տեղեկացնում է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության՝ մայիսի 17–20-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի արդյունքով:

«Գերմանիայի անվտանգության գլխավոր քարտուղար Թոմաս Քոսենդեյի հետ հանդիպման ընթացքում Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցության գործողությունների ծրագրով Հայաստանում լուրջ բարեփոխումներ են իրականացվում նաև  ոստիկանության համակարգում։  Կողմերը կարևորել են իրավապայմանագրային բազայի ստեղծումը, որն ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդնի երկու երկրների համապատասխան կառույցների միջև համագործակցությունը»,- ասվում է հաղորդագրությունում:

Ներքին գործերի նախարարության և  Դաշնային ոստիկանության ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել համագործակցությունը երկու երկրների արտակարգ իրավիճակների և ոստիկանության մարմինների միջև:

Իր հերթին Պաշտպանության պետքարտուղար  Թոմաս Կոսենդեյը բարձր է գնահատել հայ խաղաղապահների գործունեությունը Կոսովոյում և Աֆղանստանում:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանի զինված ուժերում խորքային բարեփոխումներ են իրականացվում, և Հայաստանի համար խիստ կարևոր է Գերմանիայի փորձի ուսումնասիրումը:

Քննարկվել են ռազմական կրթության, ռազմաբժշկական, ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները:

Բաղդասարյանը հանդիպումներ է անցկացրել նաև հետախուզական ծառայությունների համակարգող Հանս Վորբեքի և Գերմիանիայի ԱԳՆ անվտանգության հարցերի հանձնակատար Մինխտ Էբերգարդ Փոլի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմանի համագործակցության հեռանկարներ։

Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է «Հայաստանում անվտանգության ոլորտի բարեփոխումների» տեսլականը, պատասխանել ներկաներին հուզող բոլոր հարցերին Քոնրադ Ադենհաուերի անվան հիմնադրամում: -0-