Հայաստանում հունվար-ապրիլին տնտեսական աճը կազմել է 7,2%

20.05.2010, 13:34
Հայաստանում հունվար-ապրիլին տնտեսական աճը կազմել է 7,2%
Հայաստանում հունվար-ապրիլին տնտեսական աճը կազմել է 7,2%

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանի ՀՆԱ ծավալը 2010 թ.-ի հունվար-ապրիլին, 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 7,2 տոկոսով: Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, ՀՆԱ ծավալը կազմել է 777,6 միլիարդ դրամ (2 միլիարդ դոլար):

Ըստ վիճակագրական տվյալների, 2010 թ.-ի հունվար-ապրիլին, 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է սպառողական գների աճ՝ 8 տոկոսի սահմաններում: Միաժամանակ 2010 թ.-ի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում, 2009 թ.-ի դեկտեմբերի համեմատ, գրանցվել է սպառողական գների աճ՝ 4,2 տոկոսի սահմաններում:

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գներն ավելացել են 37 տոկոսով՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 242,6 միլիարդ դրամի (631 միլիոն դոլար) արդյունաբերական արտադրանք, ինչը 12,9 տոկոսով շատ է նախորդ տարվա նույն ցուցանիշից:

Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2010 թ.-ի հունվար-ապրիլի արդյունքներով կազմել է 1408,7 միլիոն ԱՄՆ դոլար (545,1 միլիարդ դրամ)՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 30,9 տոկոսով:

Ըստ պետբյուջեի՝ Հայաստանում 2010 թ.-ին ՀՆԱ-ի աճը ծրագրված է 1,2 տոկոսի սահմաններում:-0-