ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Իտալացի ռեժիսոր Պիետրո Քիոդարելիի «Հայաստանի սուրբ քարերը
» (Pietre Sacre D’Armenia) փաստավավերագրական ֆիլմն է որպես ներդիր տրամադրվել Իտալիայի հեղինակավոր հնագիտական «Արկեոլոջիա վիվա» (Archeologia Viva) ամսագրի 2010թ. մայիս-հունիս համարի բոլոր բաժանորդներին, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հայաստանի քրիստոնեական ճարտարապետության վերաբերյալ 52 րոպեանոց ֆիլմը նկարահանվել է 2009 թվականին ռեժիսորի՝ Հայաստան այցելելուց հետո։ Ֆիլմում խորաթափանց կերպով ներկայացվում են հայ միջնադարյան եկեղեցաշինության կոթողները, հարցազրույցներ են անցկացվում անվանի հայ և իտալացի պատմաբանների ու ճարտարագետների հետ:
Իտալիայում ֆիլմը հասարակության լայն շրջանակներին հասցնելու նպատակով Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ Pietre Sacre D`Armenia ֆիլմը պատճենահանվել է 25.000 օրինակ և Իտալիայի հեղինակավոր հնագիտական «Արկեոլոջիա վիվա» (Archeologia Viva) ամսագրի 2010թ. մայիս-հունիս համարի հետ միասին որպես ներդիր բաժանվել է ամսագրի բոլոր բաժանորդներին:
Ամսագրի նույն համարում տպագրվել է Հայաստանի ճարտարապետական հարուստ ժառանգության և պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ հոդված: -0-