Հայկական խորհրդարանում ահաբեկչության գործով դատապարտյալը մահացել է բանտում

17.05.2010, 14:02
Հայկական խորհրդարանում ահաբեկչության գործով դատապարտյալը մահացել է բանտում
Հայկական խորհրդարանում ահաբեկչության գործով դատապարտյալը մահացել է բանտում

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./Նովոստի-Արմենիա/. 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հայկական խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության գործով դատապարտյալներից մեկը՝ Համլետ Ստեփանյանը մահացել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, հաղորդեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը։
 
Համլետ Ստեփանյանը ՀՀ խորհրդարանում ահաբեկչությանը մասնակցելու համար դատապարտվել էր 14 տարի ազատազրկման։

«2010թ.-ի մայիսի 15-ի երեկոյան մոտ ժամը յոթին Համլետ Ստեփանյանը մահացել է բանտախցի իր անկողնում։ Մահացածի մարմնին բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ներկայումս քննություն է ընթանում, որի արդյունքների մասին ավելի ուշ կհայտարարվի»,- երկուշաբթի հայտնեց Բաբայանը։

1999թ. հոկտեմբերի 27-ին մի խումբ ահաբեկիչներ, ներխուժելով Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ, գնդակահարեցին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանին, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին, Միքայել Քոթանյանին։

Ցմահ բանտարկության դատապարտվեցին վեց ահաբեկիչներ, այդ թվում հանցախմբի ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրանց քեռին՝ Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը։ --0--