Հայաստանում մարդահամարի համար դոնորների հարցը կլուծվի մինչև մայիսի վերջ

11.05.2010, 16:39
Հայաստանում մարդահամարի համար դոնորների հարցը կլուծվի մինչև մայիսի վերջ
Հայաստանում մարդահամարի համար դոնորների հարցը կլուծվի մինչև մայիսի վերջ

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2011 թ.-ին նախատեսված մարդահամարի անցկացման համար դոնոր-կազմակերպությունների օգնության չափի հարցը կորոշվի մինչև մայիսի վերջ, տեղեկացրեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

«Մենք սպասում ենք, որ մինչև մայիսի վերջ հիմնական դոնոր կազմակերպություններից (Համաշխարհային բանկ, Հնդկաստանի, Նորվեգիայի, Իտալիայի կառավարություններ, ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամ) պատասխան ստանանք, թե ինչ չափով նրանք կարող են օգնել մեզ մարդահամարի հարցում», - երեքշաբթի լրագրողներին հայտարարեց Կույումջյանը:

Նա, մասնավորապես նշեց, որ օրինակ Հնդկաստանի կառավարությունը ծրագրում է իր վրա վերցնել մարդահամարի տեխնիկական ապահովումը:

Կույումջյանի խոսքերով՝ 2009-2013 թթ.-ին մարդահամարի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման ընդհանուր ծախսերը կկազմեն 2,5 միլիարդ դրամ (6,4 միլիոն դոլար), սակայն ՀՀ ֆինանսների նախարարությունը կարող է ֆինանսավորել միայն այդ գումարի 21 տոկոսը:

Միաժամանակ Կույումջյանն ավելացրեց, որ 2001 թ.-ին իրականացրած մարդահամարի ժամանակ ևս ծախսերի ավելի քան 80 տոկոսն իրենց վրա են վերցրել դոնոր-կազմակերպությունները:-0-