Հայաստանում ԵՄ-ն միգրացիայի և թրաֆիկինգի հարցերին նվիրված փորձագիտական հանձնաժողով կստեղծի

11.05.2010, 16:05
Հայաստանում ԵՄ-ն միգրացիայի և թրաֆիկինգի հարցերին նվիրված փորձագիտական հանձնաժողով կստեղծի

Եվրամիությունը Հայաստանում միգրացիայի, թրաֆիկինգի, կազմակերպված հանցավորության և փողերի լվացման հարցերին նվիրված փորձագիտական հանձնաժողով կստեղծի, ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը:

«Առաջիկա ամիսներին մենք նոր հանձնաժողով կստեղծենք, որին մասնակցելու համար կհրավիրվեն փորձագետներ՝ միգրացիոն քաղաքականության համատեքստում միգրացիային, թրաֆիկինգին և հրատապ այլ խնդիրներին առնչվող հարցերը քննարկելու նպատակով», - երեքշաբթի ՄԱԿ-ի մարդկային զարգացման «Միգրացիա և մարդկային զարգացում. հնարավորություններն ու մարտահրավերները» ազգային զեկույցի շնորհանդեսի ժամանակ ասաց Լյուցենբերգերը:

Նա նշեց, որ ՄԱԿ-ի կողմից Հայաստանում միգրացիայի ոլորտում արդեն երեք խոշոր ծրագրեր են իրականացվում, այդ թվում նաև՝ միգրացիոն ծառայության և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝ միգրացիոն հոսքերի արդյունավետ կառավարման նպատակով:

Հանձնաժողովի կողմից քննարկվող հրատապ խնդիրների թվում նա նաև նշեց անօրինական միգրացիային, անօրինական միգրանտների արտաքսմանն ու վերադարձին (ռեադմիսիա) առնչվող հարցերը:

«ԵՄ-ն այսօրվա դրությամբ զգալիորեն դյուրացրել է մուտքի արտոնագրերի տրամադրման ընթացակարգերը, այդ թվում նաև՝ երեխաների համար, ինչպես նաև նոր առաջարկներ է ներմուծել թրաֆիկինգի դեմ պայքարի և օրինական միգրանտների ինտեգրման ուղղությամբ», - ասաց Լյուցենբերգերը:

Նա նշեց, որ ԵՄՆ-ն ակտիվություն է դրսևորում միգրացիայի հարցերում և ակտիվորեն առաջ է քաշում միգրացիոն քաղաքականության հարցերը «Եվրոպական հարևանություն» ծրագրի մասնակից-երկրներում:

Փորձագետների տվյալների համաձայն՝ 1991 թվականից Հայաստանից արտագաղթել է 700 հազարից մինչև 1,3 մլն մարդ: Միաժամանակ միգրացիոն գործընթացները երկրում պայմանավորված են եղել սոցիալ-տնտեսական պատճառներով, զբաղվածության խնդիրներով, ձեռնարկատիրությամբ զբաղվելու խոչընդոտներով:-0-