ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմիտրիս Խրիստոֆիասը խնդրեց Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել Կիպրոս այցելելու իր հրավերը, տեղեկացնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց Կիպրոսի Հանրապետության նախագահին, հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ հարաբերությունների հետագա աշխուժացման ուղիների, միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ:
Ղալաչյանը կարևորեց Հայաստանի երկկողմ կապերի հետագա զարգացումն ու խորացումը բարեկամ Կիպրոսի Հանրապետության հետ, որտեղ Օսմանյան կայսրությունում 1915թ. հայերի ցեղասպանությունից հետո ապաստան ու երկրորդ հայրենիք են գտել մեր բազմաթիվ հայրենակիցները:
Նախորդ օրը դեսպան Ղալաչյանը հանդիպումներ է ունեցել Կիպրոսի խորհրդարանում հայկական համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանի, Կիպրոսի հայոց թեմի առաջնորդ Վարուժան արքեպիսկոպոս Հերքելյանի, կիպրահայ համայնքային կառույցների և հայ ավանդական քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ:
Հայաստանի դեսպանն այցելել է նաև «Նարեկ» հայկական վարժարան և Մելքոնյան կրթական հաստատություն: -0-