Մեղադրվում են պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ

04.05.2010, 10:31
Մեղադրվում են պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ
Մեղադրվում են պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է` ճանապարհային ոստիկանության 4 աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2009թ. հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը` ժամը 03:30-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Ա. Չուխաջյանը և Հ. Ջանանյանը, ծառայություն իրականացնելու ժամանակ Կենտրոն վարչական տարածքում` Պարոնյան 26 շենքի մոտ, հանդիպել են վերջինիս ծանոթ Ա. Հակոբյանին և նրա ընկեր Ա. Մուսայելյանին և կենցաղային հարցի շուրջ վիճաբանել: Այնուհետեւ ՃՈ տեսուչները ռադիոկապով օգնություն են կանչել և դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության տեսուչներ Կ. Վարդանյանի և Մ. Սարգսյանի հետ Ա. Մուսայելյանին և Ա. Հակոբյանին բերման ենթարկել ոստիկանության` Կենտրոնի բաժին ու ոստիկանության հերթապահ մասում բռնություն կիրառել նրանց նկատմամբ` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Ա. Չուխաջյանին, Հ. Ջանանյանին, Կ. Վարդանյանին եւ Մ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:-0-