Հայկական մշակույթի սեզոններ կանցկացվեն Վրաստանում

29.04.2010, 20:00
Հայկական մշակույթի սեզոններ կանցկացվեն Վրաստանում
Հայկական մշակույթի սեզոններ կանցկացվեն Վրաստանում
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-վրացական մշակութային համագործակցության շրջանակներում մայիսի 3-5-ը Վրաստանում կմեկնարկեն Հայ մշակույթի սեզոնները, տեղեկացնում է Հայաստանի մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:

Միջոցառումներին կմասնակցեն Հայաստանի երիտասարդական պետական նվագախումբը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը, «Արամ Խաչատրյան» քառյակը։

Վրաստանում Հայ մշակույթի սեզոնների բացման շրջանակներում  Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը կներկայացնի «Հայաստանի պատմամշակութային հուշարձանները» ցուցադրությունը, իսկ գալա-համերգի ընթացքում տեղի կունենա երաժշտության բնագավառում ՀՀ նախագահի 2009 թ. երիտասարդ մրցանակակիրների ելույթը։

Միջոցառումների շրջանակներում տեղի կունենան նաև Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի բեմադրություններ (Գ. Խանջյանի «Ավերակների պահապանները», Գ. Սունդուկյանի «Խաթաբալա» ներկայացումներ)։ Կներկայացվի նաև  Վ. Շեքսպիրի «Օթելլո» պիեսի մոտիվներով ստեղծված «Տրակտատ թաշկինակի մասին» հայ-վրացական համատեղ բեմադրությունը, որը Հայաստանում իրականացրել է Ռոբերտ Ստուրուան, Վրաստանում` Հակոբ Ղազանչյանը:

Այդ օրերին կբացվեն նաև աշխարհահռչակ հայ կինոգործիչ Ռուբեն Մամուլյանի և շախմատիստ, աշխարհի չոմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշատախտակները:

Հայկական պատվիրակությունը կգլխավորի Հայաստանի մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը։ -0-