Ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի համար առանցքային հարց է. ՀՀԿ

27.04.2010, 18:12
Ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի համար առանցքային հարց է. ՀՀԿ
Ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի համար առանցքային հարց է. ՀՀԿ

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականության առանցքային հարցն է, հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Գագիկ Մինասյանը:

«Այս հարցը եղել և մնում է Հայաստանի պետական քաղաքականության հիմնաքարը: Իսկ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը մեր երկրի ազգային անվտանգության հարցն է», -երեքշաբթի լրագրողներին ասաց Մինասյանը:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ նահանգների մեծամասնությունը, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

Նրա խոսքերով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չէր կարող այնքան ազդել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշման վրա, որ նա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա իր ուղերձում հնչեցներ «ցեղասպանություն» բառը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ապրիլի 24-ին ելույթ ունենալով Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, կրկին, ինչպես և նախորդ տարի, օգտագործել է «Եղեռն» բառը:

Մինասյանը կարծում է, որ ԱՄՆ վարչակազմի համար թուրք-ամերիկյան հարաբերությունները խորը իմաստ ունեն և շատ ավելի կարևոր են, քան հայ-թուրքական գործընթացը:

Միաժամանակ Մինասյանը նշեց, որ Թուրքիայում արդեն սկսվել է գործընթացը, որը, վաղ թե ուշ, կհանգեցնի նրան, որ թուրքական հասարակության լայն շերտերը կհամակերպվեն սեփական պատմության հետ և կճանաչեն Հայոց ցեղասպանությունը: «Թուրքիայում այսօրվա դրությամբ Հայոց ցեղասպանության շուրջ լուրջ բանավեճեր են ընթանում», - ընդգծեց նա:

Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։-0-