Գերմանիան կոչ է անում Երևանին և Անկարային նպաստել արձանագրությունների վավերացմանը

27.04.2010, 17:08
Գերմանիան կոչ է անում Երևանին և Անկարային նպաստել արձանագրությունների վավերացմանը

Գերմանիան շարունակում է կոչ անել Հայաստանին և Թուրքիային հետևողականորեն նպաստել հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը, նշվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի հայտարարության մեջ:

ՀՀ նախագահը ապրիլի 22-ին հրամանագիր է ստորագրել հարաբերությունների հաստատման և զարգացման մասին հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին՝ հայտարարելով, որ Հայաստանը պահպանում է արձանագրությունների տակ դրված իր ստորագրությունը: Հայ-թուրքական արձանագրությունները մնացել են ՀՀ ԱԺ գարնանային նստաշրջանի մեծ օրակարգում:

«Հաշտեցման և փոխըմբռնման կայացումը հարևանների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատման բանալին է։ Ողջունում ենք վերջին ամիսներին երկու երկրների կողմից հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը: Կարգավորման գործընթացի շարունակումն ու սահմանի բացումը դրական ազդակ կլինեին նաև ամբողջ Հարավային Կովկասի համար», - նշվում է դեսպանի հայտարարության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արձանագրությունների վավերացումը միառժամանակ սառեցնելու մասին որոշումից հետո հղած հեռուստատեսային ուղերձում ևս մեկ անգամ հստակեցրեց, որ անցած երկու տարիների բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը դեռևս ցանկանում է օգտագործել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համար

«Մենք մեծապես ողջունում ենք դա», - նշվում է հայտարարության մեջ:

Դեսպանը նաև հայտարարել է, որ Գերմանիան այս հանգամանքներում պատրաստ է իր աջակցությունը բերել Հայաստանի կառավարության նախաձեռնած կարգավորման գործընթացին՝ շարունակելով ուղեկցել այն  հասարակական կազմակերպությունների և գերմանական քաղաքական հիմնադրամների կողմից իրականացվող սահմանանց նախաձեռնությունների միջոցով։

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև վերջերս, երբ երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:-0-