Հայաստանում փակված մասնավոր դպրոցներն աղանդավորական կառույցներ են եղել. թերթ

27.04.2010, 11:41
Հայաստանում փակված մասնավոր դպրոցներն աղանդավորական կառույցներ են եղել. թերթ

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում նախորդ շաբաթ փակված մասնավոր դպրոցներն աղանդավորական կառույցներ են եղել, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

Պարբերականի համաձայն, Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աղբյուրները տեղեկացրել են, որ «Հույսի փարոս» և «Կյանքի խոսք» դպրոցներում քարոզվում էին կոնկրետ աղանդավորական գաղափարախոսություններ։

Նույն աղբյուրը հայտնել է, որ երեխաների ուսուցման վճարն իրականացրել են գաղտնի աղանդավորական կազմակերպությունները, որոնք վերոնշյալ դպրոցների հովանավորներն են, և հենց այս հանգամանքներն են պատճառ դարձել դպրոցների փակման համար։

Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր հերթին հայտարարել է, որ լիցենզիայի դադարեցման վերաբերյալ որոշում ընդունելիս Կրթության նախարարությունն առաջնորդվել է լիցենզավորման մասին օրենքով, և համապատասխան ստուգումները թույլ են տվել հայտնաբերել խախտումներ, որոնք հիմք են հանդիսացել նման որոշում ընդունելու համար։

Նախորդ շաբաթ կրթության նախարարի հրամանով փակվել են մի քանի մասնավոր դպրոցներ, որտեղ սովորում է 450 աշակերտ։ -0-