ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայ գիտնականները հայ-թուրքական գործընթացում սատարում են ՀՀ նախագահին, այս մասին խոսվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ ԳԱԱ նախագահության անդամների ու Ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում գիտության զարգացման խնդիրներից բացի, ակադեմիկոսներն անդրադարձել են նաև այս օրերին ակտիվորեն քննարկվող Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը: Նրանք ասել են, որ սատարում են ՀՀ Նախագահին այս գործընթացում եւ նրա ձեռնարկած քայլերը համարում արդյունավետ:
Գիտնականները նախագահ Սարգսյանին նաև առաջարկել են նման հանդիպումները դարձնել ավանդական` ասելով, որ ծավալված քննարկումը ցույց տվեց, որ դրանք կարող են շատ օգտակար լինել:
Երկրի ղեկավարը հավանություն է տվել գիտնականների առաջարկին և շնորհակալություն հայտնել անկեղծ ու շահագրգիռ զրույցի համար` նշելով, որ այն հնարավորություն տվեց ոչ միայն արձանագրել խնդիրները, այլև նախանշել դրանց լուծման կոնկրետ ուղիներ:-0-