Հայաստանի առաջնահերթ խնդիրը գիտությունը կրթության և տնտեսության հետ սերտ շաղկապելն է. ՀՀ նախագահ

26.04.2010, 18:03
Հայաստանի առաջնահերթ խնդիրը գիտությունը կրթության և տնտեսության հետ սերտ շաղկապելն է. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի առաջնահերթ խնդիրը գիտությունը կրթության և տնտեսության հետ սերտ շաղկապելն է, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ԳԱԱ նախագահության անդամների և Ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, ՀՀ նախագահն ասել է, որ անհրաժեշտ է համարում Ակադեմիայի վերջերս անցկացված տարեկան ընդհանուր ժողովից հետո գիտնականների հետ քննարկել գիտության զարգացմանը խոչընդոտող  խնդիրները և դրանց հնարավոր լուծումները:

«Այս թեմայով մինչ այժմ եղած քննարկումները նախանշում են ճիշտ ճանապարհը. կարծում եմ` մեր առաջնահերթ խնդիրը գիտությունը կրթության եւ տնտեսության հետ սերտ շաղկապելն է»,-ասել է երկրի ղեկավարը:

Սերժ Սարգսյանը խոսել է  մեր երկրում գիտությունը և կրթությունը զարգացնելու երեք առանցքային ուղիների մասին.  «Առաջին ճանապարհը, որով մենք պետք է շարժվենք, առկա ուսումնական եւ գիտական հաստատությունների վերակազմավորումն ու ավելի արդյունավետ օգտագործումն է, այսինքն` բարեփոխումների շարունակականության ապահովումը: Երկրորդ ճանապարհը նոր տիպի ուսումնական եւ գիտական հաստատությունների ստեղծումն է, ինչպիսին, օրինակ, հիմնադրեցինք Տավուշում` ժամանակակից ինտերնատ- դպրոց, որտեղ ուսուցումը լինելու է օտար լեզվով և կիրառվելու են ուսման բնագավառում ամենաժամանակակից ձեռքբերումները: Երրորդ ճանապարհը մեր   ուսանողներին  եւ երիտասարդ գիտնականներին աշխարհի լավագույն ուսումնական ու  գիտական հաստատություններում կրթվելու, փորձ ձեռք բերելու հնարավորություն ընձեռելն է»,- նշել է երկրի ղեկավարը:

Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ այս տարի բազմապատկվելու  են հայաստանցի ուսանողների ուսումն արտերկրյա առաջատար բուհերում ֆինանսավորող «Լույս» հիմնադրամի միջոցները, որպեսզի ավելի մեծ թվով երիտասարդներ կարողանան ուսանել արտերկրում: Սերժ Սարգսյանն ընդգծել է նաև երիտասարդ գիտնականների համար արտերկրում վերապատրաստվելու  հնարավորություն ստեղծելու անհրաժեշտությունը` ասելով, որ այդ ուղղությամբ ևս պետք է քայլեր ձեռնարկվեն:

Հանրապետության նախագահը  խոսել է նաեւ պետության պատրաստակամության մասին`  լուծելու երիտասարդ գիտնականների սոցիալական որոշ խնդիրներ. «Գիտեմ, որ երիտասարդ գիտնականներին բնակարաններով ապահովելու խնդիր կա, եւ մենք պատրաստ ենք շատ լուրջ ներդրում կատարել այս գործում: Սակայն, այդ աջակցությունը պետք է ստանան միայն ու միայն այն երիտասարդ գիտնականները, ովքեր գիտության մեջ իսկապես խորանալու մտադրություն ունեն, ոչ թե նրանք, ովքեր ասպիրանտուրան ավարտելուց հետո մի քանի ամիս ինչ-որ գիտական հաստատությունում աշխատում են եւ հետո գնում այլ  ուղղությամբ»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Ակադեմիկոսները երկրի ղեկավարի հետ զրուցել  են գիտության զարգացումը խոչընդոտող մի շարք խնդիրների մասին: Դրանցից առաջնահերթ է համարվել այն, որ Ակադեմիան համապատասխան փորձակոնստրուկտորական ենթակառուցվածքների բացակայության պատճառով չի կարողանում իր գիտական արդյունքները լիարժեք  ներդնել տնտեսությունում:

Նրանց խոսքով` նման կառուցվածքի բացակայությունը նաև անհնար է դարձնում մասնավոր կապիտալի հոսքը դեպի գիտություն, ինչը նոր հետազոտություններ կատարելու  և գիտական արդյունք ձևավորելու գործում  էական նշանակություն ունի: Խոսվել է նաև ԳԱԱ ճյուղային ինստիտուտների եւ տնտեսության համապատասխան ճյուղերի միջեւ համագործակցության գործուն մեխանիզմներ ստեղծելու ուղիների մասին:

Զրուցակիցներն անդրադարձել են հասարակագիտական գիտությունների, մասնավորապես` հայագիտության զարգացումը խթանող պայմանների ստեղծման անհրաժեշտությանը: ՀՀ Նախագահը նշել է, որ խրախուսիչ պայմաններ պետք է ստեղծել նաեւ հայագիտությամբ զբաղվող արտերկրի գիտնականների համար:

Խոսվել է նաև հայ գիտնականների աշխատությունները օտար լեզուներով լույս ընծայելու, դրանք նաեւ էլեկտրոնային ռեսուրսներում ներկայացնելու գործընթացի կազմակերպման մասին:-0-