Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացրեց վերջին երկու տարիների ընթացքում հավաքած առավել արժեքավոր փաստաթղթերը

23.04.2010, 17:04
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացրեց վերջին երկու տարիների ընթացքում հավաքած առավել արժեքավոր փաստաթղթերը

2009-2010 թվականների ընթացքում հավաքած առավել արժեքավոր մենագրությունների, լուսանկարների և ցուցանմուշների ցուցադրություն տեղի ունեցավ ուրբաթ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։

«Այս դահլիճում ապրիլի 24-ի կապակցությամբ մենք ներկայացնում ենք տարվա ընթացքում հավաքած բացառիկ նյութերի մի մասը։ Մենք ձեռք ենք բերել հազարից ավելի նյութեր։ Հիմնականում փաստաթղթերը ձեռք են բերվել աճուրդներ ժամանակ»,- ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ հավելելով, որ նյութերը, մասնավորապես, ձեռք են բերվել ԱՄՆ-ում, Անգլիայում և Ավստրալիայում։

Ձեռք բերած նյութերի շարքում Դեմոյանը նշեց այնպիսի բացառիկ նյութեր, ինչպիսիք է, օրինակ, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կոչը հայերին աջակցելու վերաբերյալ, «Նպաստների հատկացման ամերիկյան կազմակերպության» 1919 թվականի հայտարարությունը սովահար հայերին, ասորիներին աջակցության տրամադրման մասին՝ «17 ցենտը կփրկի ինչ-որ մեկի կյանքը» կոչով, շքանշաններ, որոնք տրվել են ամերիկացի և ավստրալացի միսիոներներին հայ փախստականների աջակցության համար, լուսանկարներ 1920-ական թվականներին հայկական մանկատներում աշխատող օտարերկրյա միսիոներների պատկերով։

Թանգարան-ինստիտուտի տնօրենը նշեց նաև, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բացման 15 տարին, երբ ուղիղ 15 տարի առաջ Ծիծեռնակաբերդում բացվեց առաջին գիտական ցուցահանդեսը։ 

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-