ՀՀ նախագահի հայտարարությունը կոչված էր կանխել շահարկումները Հայոց ցեղասպանության շուրջ. թուրքագետ

23.04.2010, 16:32
ՀՀ նախագահի հայտարարությունը կոչված էր կանխել շահարկումները Հայոց  ցեղասպանության շուրջ. թուրքագետ
ՀՀ նախագահի հայտարարությունը կոչված էր կանխել շահարկումները Հայոց  ցեղասպանության շուրջ. թուրքագետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության նպատակներից մեկը ապրիլի 24-ի նախաշեմին այլ  պետությունների կողմից ցեղասպանության թեմայի շահարկումների կանխումն էր, այդ կարծիքին է թուրքագետ Արմեն Մելքոնյանը:

«Այդ հայտարարությամբ նվազել է այն բանի հնարավորությունը, որ որոշ պետություններ, այդ թվում Թուրքիան, հենվելով իբրև թե շարունակվող գործընթացի վրա՝ հանդես կգային հայտարարություններով, որոնք որևէ ընդհանրություն չէին ունենա իրականության հետ, թե իբրև շարունակվում է հայ-թուրքական գործընթացը, և Հայոց ցեղասպանության թեման հնչեցնելը կարող է խանգարել այդ գործընթացին»,- ուրբաթ լրագրողներին ասաց նա:

Հայաստանի նախագահը նախօրեին իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը: Միաժամանակ նախագահը նշել է, որ Հայաստանը կպահպանի արձանագրությունների տակ իր ստորագրու­թյունը, որովհետև ցանկանում է պահպանել հարաբերությունների կարգա­վոր­ման հնարավորությունները և որովհետև ցանկանում է խաղաղություն: Հայկական կողմի որոշմանն աջակցելու մասին արդեն հայտարարել են ԱՄՆ-ն և Ֆրանսիան:

Մելքոնյանն ավելացրեց, որ նախագահի՝ լիովին գործընթացից դուրս չգալու մասին որոշումը ճիշտ է, քանի որ միջազգային հանրության համար դա ավելի հասկանալի որոշում է, այլապես Հայաստանն ինքնուրույն իր վրա կվերցներ գործընթացի ձախողման պատասխանատվությունը:

«Նախագահի հայտարարությունը դե-յուրե պատասխան էր Թուրքիայի կողմից դե-ֆակտո սառեցված գործընթացին»,- նշեց նա:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-