Հայաստանում առաջին անգամ մոր և մանկան առողջության պահպանման քարոզարշավ է մեկնարկել

23.04.2010, 14:22
Հայաստանում առաջին անգամ մոր և մանկան առողջության պահպանման քարոզարշավ է մեկնարկել

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ուրբաթ մեկնարկել է «World Vision Armenia» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից նախաձեռնած մոր և մանկան առողջության պահպանման քարոզարշավը, որն առաջինն է հարավկովկասյան տարածաշրջանում:

Քարոզարշավը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ:

«Ծրագրի նպատակն է նվազեցնել Հայաստանում մանկական և մայրական մահացության մակարդակը: Կարծում եմ, որ դա հասանելի նպատակ է, քանի որ մահացության հիմնական պատճառները հայտնի են», - ասաց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ նշելով, որ ՀՀ առողջապահության նախարարությունը միջազգային կազմակերպությունների հետ ակտիվորեն մի շարք համատեղ ծրագրեր է իրականացնում:

Բաբլոյանի խոսքերով, հաջողության ձեռքբերման երաշխիքը առողջապահության համակարգի կայուն և արդյունավետ ֆինանսավորման ապահովումն է, բժշկական ծառայությունների որակի ապահովումը, ինչպես նաև բուժծառայությունների մատչելիությունը, մասնավորապես՝ երկրի մարզերում:

Խոսելով այս ոլորտի ձեռքբերումների մասին՝ Բաբլոյանը նշեց մանկական և մայրական մահացության մակարդակի նվազումը, երեխայի զարգացման և առողջության ազգային ռազմավարության ընդունումը, կրծքով կերակրող մայրերի թվի ավելացումը, վարակակիր հիվանդությունների մակարդակի կրճատումը, ծննդօգնության պետական հավաստագրի առկայությունը և այլն:

Մոր և մանկան առողջության պահպանման մասին «World Vision Armenia»-ի վերլուծական զեկույցի տվյալների համաձայն, Հայաստանում մայրական մահացության ցուցանիշը 2006-2008 թթ.-ին կազմել է 28,5 տոկոս՝ 100 հազար կենդանի ծնվածների հաշվարկով, սակայն այս ցուցանիշը, որը գերազանցում է Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների նույն ցուցանիշը (15/100 հազար), փոքր-ինչ զիջում է միջին համաշխարհային ցուցանիշին (34/100 հազար):

ՀՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն, 2003-2009 թթ.-ին ծննդօգնության, հղիության և հետծննդյան ժամանակ առաջացած բարդություններից Հայաստանում 78 կին է մահացել:

Միաժամանակ տեղեկացվում է, որ մայրական մահացության դեպքերի 76,9 տոկոսը կարելի էր կանխել բուժհաստատությունների տեխնիկական և կադրային համապատասխան բարձր զինման դեպքում:-0-