Հայկական կազմակերպությունները Մոսկվայում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հուշ-երեկո են կազմակերպել

22.04.2010, 19:29
Հայկական կազմակերպությունները Մոսկվայում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հուշ-երեկո են կազմակերպել

«Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպությունը Գրողների կենտրոնական տանը Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո է կազմակերպել, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Երեկոն կազմակերպվել է Արևմտահայերի հայրենակցական միության, «Արցախի բարեկամներ» ակումբի, Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի և «Ноев ковчег» թերթի աջակցությամբ:

Երեկոն բացել է «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը:

Միջոցառման ժամանակ ելույթ են ունեցել նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանության դեսպանորդ Ռոբերտ Անանյանը, Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի ներկայացուցիչ Քահանա Գևորգ Վարդանյանը, Ռուս ուղղափառ եկեղեցու Արտաքին եկեղեցական կապերի բաժնի ներկայացուցիչ Քահանա Ալեքսանդր Վասյուտինը, ՌԴ Պետդումայի պատգամավորներ Իգոր Չեռնիշենկոն («Единая Россия» կուսակցություն), Սեմյոն Բաղդասարովը («Справедливая Россия» կուսակցություն), Մաքսիմ Միշչենկոն («Единая Россия» կուսակցություն, «Россия молодая» շարժում) և Մոսկվայի Հայկական կազմակերպությունների ֆորումի խորհրդի անդամ Իգոր Զարգարյանը:

Երեկոյի ընթացքում ցուցադրվել է տեսաֆիլմ` նվիրված Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, հնչել են ստեղծագործություններ` Ալեքսանդր Յուրլովի անվան Ռուսաստանի պետական ակադեմիական երգչախմբային կապելլայի կատարմամբ:

Հուշ-երեկոյին ներկա էին ռուս և հայազգի հասարակական գործիչներ, գիտության, արվեստի և մշակույթի ներկայացուցիչներ:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-