«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և ՀՀԿ-ի առճակատման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. կոալիցիոն պատգամավոր

21.04.2010, 19:49
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և ՀՀԿ-ի առճակատման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. կոալիցիոն պատգամավոր

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և ՀՀԿ-ի առճակատման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը։

«Հարցն այն չէ, թե որ կուսակցության ներկայացուցիչն է իրավախախտը։ Սա հայ հասարակության հարցն է։ Պետությունը պետություն է մնում, և պետք է այնպիսի դիրքորոշում ընդունել, որը կբացառի նման դեպքերը հասարակությունում»,- ասաց Բոստանջյանը։

Մի շարք ԶԼՄ-ների տվյալներով, Նոր Նորք համայնքում ապրիլի 17-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դիմաց գտնվող «Crazy horse» սրճարանի մերձակայքում վիճաբանություն է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետական Կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների միջև։

Հայաստանի Ոստիկանության մամուլի ծառայությունը հերքեց այդ հաղորդագրությունները՝ հայտնելով, որ խուլիգանության մասնակիցները չեն պատկանում որևէ կուսակցության կամ հասարակական կազմակերպության, այլ ավելի վաղ դատված անձինք ու թմրամոլներ են։ Ոստիկանության տվյալներով, հրազենի կիրառմամբ խուլիգանություն են կատարել 60-70 մարդ, նրանցից 36-ը ձերբակալված են։

Բոստանջյանը նշեց, որ վերոնշյալ կուսակցությունների նախագահների հավասարակշռված դիրքորոշումն արդեն բացառում է տվյալ թեմայի հնարավոր արծարծումը։

Պատգամավորը նշեց նաև, որ դատապարտում է առճակատման բոլոր դեպքերը պետության ներսում այսպես կոչված վիճաբանությունների տեսքով և կոչ արեց իրավապահ մարմիններին ակտիվ պայքարել նմանատիպ դեպքերի դեմ։

Միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (Մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարած խուլիգանություն) և 235-րդ հոդվածի առաջին մասով՝ (հրազենի, ռազմամթերքի, ակոսափող հրազենի փամփուշտների անօրինական ձեռքբերելը, իրացնելը, պահելը, տեղափոխելը կամ կրելը)։ -0-