Հայաստանի փրկարարական համակարգը կբարեփոխվի. ԱԱԽ

20.04.2010, 16:50
Հայաստանի փրկարարական համակարգը կբարեփոխվի. ԱԱԽ
Հայաստանի փրկարարական համակարգը կբարեփոխվի. ԱԱԽ

Հայաստանում փրկարարական համակարգի լայնածավալ բարեփոխումների հայեցակարգ կմշակվի:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից, այդ մասին հայտնել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը փրկարարական համակարգի բարեփոխումների հայեցակարգի նախագծի մշակման հարցերով միջգերատեսչական նիստի ժամանակ։

Բաղդասարյանն ընդգծել է փրկարարական համակարգի բարեփոխումների կարևորությունը և նշել, որ յուրաքանչյուր պետության առաքելությունը քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ու անվտանգության ապահովումն է:

«Միայն այս տարվա ընթացքում մեր երկրում տեղի է ունեցել 27 փլուզում, 400-ից ավելի հրդեհ, արդյունքում զոհվել է 3 մարդ, տարբեր կարգի վնասվածքներ է ստացել 7 մարդ, միլիոնների հասնող տնտեսական վնաս է հասցվել քաղաքացիներին և իրավաբանական անձանց:  Փրկարար ծառայությունն, իհարկե, օպերատիվ արձագանքել է, բայց մեր նպատակն է Հայաստանում ձևավորել քաղաքացիներին օպերատիվ աջակցություն, օժանդակություն ցուցաբերելու այնպիսի համակարգ, որը գործում է զարգացած երկրներում»,- ասել է ԱԱԽ քարտուղարը։

Ըստ նրա՝ բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու դեպքում հանարավոր է քաղաքացիներին առավել արդյունավետ պաշտպանել, ապահովել նրանց անվտանգությունը:

Արթուր Բաղդասարյանը հավելել է, որ փրկարարական համակարգում բարեփոխումների նախաձեռնումը պայմանավորված է նաև երկրի ստանձնած միջազգային պարտավորություններով:

Նիստում որոշվել է 3 ամսվա ընթացքում հաստատման ներկայացնել հայեցակարգի նախագիծը:--0-