Իսլանդիայում հրաբխային ժայթքումների պիկն անցել է. հայ փորձագետ

20.04.2010, 15:55
Իսլանդիայում հրաբխային ժայթքումների պիկն անցել է. հայ փորձագետ

Իսլանդիայում հրաբխային ժայթքումների պիկն անցել է, երեքշաբթի ասաց ԵՊՀ Պատմական և տարածաշրջանային երկրաբանության ամբիոնի վարիչ, երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդիկ Խարազյանը:

«Վերջին տվյալների համաձայն՝ հրաբխի ժայթքման գործընթացը նվազում է: Ռուսական ավիաընկերություններն արդեն վերսկսել են դեպի Հյուսիսային Եվրոպա չվերթերը», - ասաց նա:

ՀՀ ԳԱԱ, Հայաստանի երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, երկրաբանական գիտությունների թեկնածու Խաչատուր Մելիքսեթյանն իր հերթին նշեց, որ հրախբի ժայթքումը կարող է որոշակի պարբերականությամբ կրկնվել:

«Ակտիվ ժայթքմանը կարող է անկում հետևել, իսկ հետո ժայթքումը կարող է կրկնվել նույն ուժգնությամբ», - ասաց նա:

Նրա խոսքերով՝ Իսլանդիայում հրաբխի ժայթքում վերջին անգամ գրանցվել է 1821 թ.-ին և տևել է երկու տարի:

Նշելով, որ վերջին տվյալների համաձայն՝ «հրաբխային մոխրի շերտը նվազել է և ժայթքումը թուլացել»՝ Մելիքսեթյանն ընդգծեց, որ, այնուամենայնիվ, իսլանդացի հրաբխագետները չեն համարձակվում հստակ կանխատեսումներ անել:

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից մոտ 200 կիլոմետր դեպի արևելք գտնվող Էյաֆյալայոքուլ (Eyjafjallajokull) հրաբխի ժայթքման հետևանքով մթնոլորտ է արտանետվել մոխրի հսկայական ամպ, որի մասնիկները վտանգ են ներկայացնում ավիացիոն շարժիչների տուրբինների համար և կարող են խնդիրներ առաջացնել՝ նստելով ինքնաթիռների թևերին: Դա հանգեցրեց Հյուսիսային Եվրոպայի զգալի տարածքի օդային տարածքի փակմանը:  -0-