Իսլանդիայի հրաբուխը փոփոխություններ է մտցրել Հայաստանի միջազգային երաժշտական փառատոնի ծրագրում

20.04.2010, 14:37
Իսլանդիայի հրաբուխը փոփոխություններ է մտցրել Հայաստանի միջազգային երաժշտական փառատոնի ծրագրում

Իսլանդիայի հրաբուխը փոփոխություններ է մտցրել «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական վեցերորդ  փառատոնի ծրագրում, որը Երևանում մեկնարկելու է ապրիլի 21-ին:

«Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգի ժամանակ, որով բացվում է փառատոնը, պետք է ելույթ ունենար բազմաթիվ երաժշտական մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը: Սակայն իսլանդական հրախբի ժայթքման պատճառով Նավասարդյանն արդեն մի քանի օր է չի կարողանում Փարիզից մեկնել Երևան», - երեքշաբթի տեղեկացրեց փառատոնի կազմակերպիչ, «Արվեստների թանգարան» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը:

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից մոտ 200 կիլոմետր դեպի արևելք գտնվող Էյաֆյալայոքուլ (Eyjafjallajokull) հրաբխի ժայթքման հետևանքով մթնոլորտ է արտանետվել մոխրի հսկայական ամպ, որի մասնիկները վտանգ են ներկայացնում ավիացիոն շարժիչների տուրբինների համար և կարող են խնդիրներ առաջացնել՝ նստելով ինքնաթիռների թևերին: Դա հանգեցրեց Հյուսիսային Եվրոպայի զգալի տարածքի օդային տարածության փակմանը: 

Շահինյանի խոսքերով, այս կապակցությամբ որոշակի փոփոխություններ են մտցվելու վաղվա համերգի ծրագրում, իսկ Նավասարդյանն իր համերգով ելույթ կունենա փառատոնի մեկ այլ օր: Փառատոնը կտևի մինչև հունիսի 2-ը:

Ինչպես տեղեկացրեց հիմնադրամի նախագահը, «Ազգային պատկերասրահ» վեցերորդ փառատոնի ծրագիրը բավականին հագեցած և բազմակողմ կլինի, փառատոնի շրջանակներում կանցկացվի յոթ համերգ: Շահինյանը տեղեկացրեց, որ փառատոնին առաջին անգամ կմասնակցեն Սլովենիան, Շվեդիան և Ռուսաստանը ներկայացնող երաժիշտներ:

Ինչպես նշեց Շահինյանը, Սլովենիան ներկայացնող «Կլարիպիանո» դուետը ելույթ կունենա Երևանում ապրիլի 29-ին, շվեդ ջութակահար Հյուգո Տիչիատին մայիսի 5-ին կայանալիք համերգում հանդիսատեսին կներկայացնի ժամանակակից կոմպոզիտորների և հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները:

Շահինյանն ասաց, որ մայիսի 14-ին Երևանում ելույթ կունենա պետական կամերային երգչախումբը՝ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, իսկ մայիսի 20-ին՝ Dominatus Vox նվագախումբը՝ Նատալյա Գալստյանի ղեկավարությամբ: Ինչպես նշեց հիմնադրամի նախագահը, այս նվագախմբի առանձնահատկությունը գործիքային ստեղծագործությունների վոկալային կատարումն է:

Նրա խոսքերով, մայիսի 26-ին Երևանում առաջին անգամ ելույթ կունենա ռուս դաշնակահար Եվգենի Միխայլովը:

Շահինյանն ավելացրեց, որ «Ազգային պատկերասրահ» փառատոնը կանցկացվի ոչ միայն Երևանում, այլև՝ Գորիսում, Չարենցավանում, Աբովյանում, Գավառում: Հիմնադրամի նախագահի տվյալների համաձայն՝ փառատոնի համերգների տոմսերի որոշակի քանակություն առաջին անգամ կհայտնվի ազատ վաճառքում, և դրանց գինը չի գերազանցի 2-3 հազար դրամը: Սակայն ինչպես պարզաբանեց նա, հանդիսատեսի հիմնական մասը հրավիրատոմսեր ունի:

«Փառատոնի շրջանակներում կներկայացվի նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հատուկ ծրագիր», - նշեց Շահինյանը:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-