Հայաստանը տարածաշրջանում լուրջ գործոն է դարձել. Դեմկուս

16.04.2010, 14:14
Հայաստանը տարածաշրջանում լուրջ գործոն է դարձել. Դեմկուս
Հայաստանը տարածաշրջանում լուրջ գործոն է դարձել. Դեմկուս

Հայաստանը աշխարհաքաղաքական վերադասավորումների արդյունքում այսօր տարածաշրջանում բավականին հետաքրքիր դեր է խաղում, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը:

«Մենք, լինելով ոչ մեծ պետություն, հանկարծակի դարձանք գործոն, անհրաժեշտ օղակ, առանց որի անհնար է տարածաշրջանում շատ լուրջ քաղաքական որոշումներ ընդունել: Սա շատ հետաքրքիր երևույթ է, որն առաջացել է վերջին երկու տարվա ընթացքում: ԱՄՆ-ն այնքան շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ և հատկապես՝ սահմանների բացմամբ, որ քաղաքական ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանի և Թուրքիայի հետ կապված խնդիրները», - ասաց Սարգսյանը:

Նա ավելացրեց, որ նման հանգամանքներում Հայաստանը պետք է օգտվի իրավիճակից և Թուրքիայի հետ հարաբերություններում զբաղեցնի եթե ոչ պայմաններ թելադրողի, ապա գոնե նրա հետ հավասար պայմաններում գտնվող կողմի դիրք:

Դեմկուսի առաջնորդն ընդգծեց նաև, որ Թուրքիայի և Ադրբեջանի դիվանագիտական «խորամանկության» առասպելի վերջը եկել է: «Պարզվեց, որ նույն «կացնային» քաղաքականությունը, որը Թուրքիան վարում էր Հայոց ցեղասպանության ժամանակ, ընթանում է նաև այսօրվա դիվանագիտության մեջ: Մենք շատ լավ հասկացանք, որ թուրքական դիվանագիտությունը, իսկապես, աչքի չի ընկնում «խորամանկությամբ»», - ասաց Սարգսյանը:

Նա ավելացրեց նաև, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը վերջին երկու տարվա ընթացքում էվոլյուցիոն դրական փոփոխությունների է ենթարկվել:

«Կարծում եմ՝ այս ամենում լուրջ դեր են խաղացել նաև քաղաքկաան կուսակցությունների ղեկավարների, հասարակական գործիչների և, իհարկե, սփյուռքի ներկայացուցիչների հետ անցկացրած նախագահի խորհրդակցությունները», - նշեց Սարգսյանն՝ ավելացնելով, որ այսօր կարելի է խոսել այն մասին, որ Հայաստանի և սփյուռքի միջև պառակտման վտանգ չկա:

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև վերջերս, երբ երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:-0-