Հայաստանի քաղաքացիների կեսից ավելին դրական Է գնահատում նախագահի քաղաքականությունը Թուրքիայի հետ հարաբերություններում. փորձագետ

15.04.2010, 15:53
Հայաստանի քաղաքացիների կեսից ավելին դրական Է գնահատում նախագահի քաղաքականությունը Թուրքիայի հետ հարաբերություններում. փորձագետ

Հայաստանի քաղաքացիների կեսից ավելին դրական է գնահատում Թուրքիայի հետ հարաբերություններում նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը, հինգշաբթի լրագրողներին ասաց Սոցիոլոգների հայկական ընկերակցության նախագահ Գևորգ Պողոսյանը:

«2010թ.-ի փետրվարի 1-8-ը Հայաստանում 1000 հարցվածների 52%-ը և մարտի 1-7-ը 500 հարցվածների 54%-ը դրական են գնահատել Թուրքիայի հետ հարաբերություններում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը»,- ասաց Պողոսյանը:

Նա ավելացրեց, որ սոցիոլոգների հետազոտություններում հետաքրքրել է նաև հասարակության այն դիրքորոշումը, թե արդյո՞ք Հայաստանը ծանրակշիռ դեր է խաղում տարածաշրջանում:

«Որքան էլ դա զարմանալի լինի ինձ համար, փետրվարին 64%-ը (1000 հարցվածներից) նշել էին, որ Հայաստանը լուրջ դեր է խաղում տարածաշրջանում, իսկ մարտին դրական է պատասխանել 60,5%-ը (500 հարցվածներից ): Այսինքն՝ Հայաստանի բնակչության մեծ մասը կարծում է, որ հանրապետությունը լուրջ դեր է խաղում կամ կարող է խաղալ տարածաշրջանում»,- ասաց Պողոսյանը:

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:-0-