ՌԴ-ն 2010 թ.-ին օգնություն կցուցաբերի մի շարք երկրների, այդ թվում նաև Հայաստանին. ԱԻՆ

14.04.2010, 12:20
ՌԴ-ն 2010 թ.-ին օգնություն կցուցաբերի մի շարք երկրների, այդ թվում նաև Հայաստանին. ԱԻՆ

Միջազգային կազմակերպությունների հիմնադրամներին ռուսական դոնորական վճարումների իրականացման հաշվին ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը 2010 թ.-ին ծրագրում է հումանիտար գործողություններ իրականացնել բազմակողմանի հիմքի վրա, մասնավորապես, Հայիթիում, Նիկարագուայում, Գվինեայում, Շրի Լանկայում, Հայաստանում և Լիբանանում, «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում տեղեկացրել է ՌԴ ԱԻՆ Միջազգային գործունեության դեպարտամենտի տնօրեն Յուրի Բրաժնիկովը:

Գործակալության զրուցակցի խոսքերով՝ 2010 թ.-ի հունվարին ավերիչ երկրաշարժից տուժած Հայիթիի Հանրապետության հումանիտար օգնությունը կցուցաբերվի ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության (ՊՀԿ), Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) հիմնադրամներին, ինչպես նաև ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին ՌԴ ինքնակամ, միանվագ նպատակային վճարների հաշվին:

Նա նշել է, որ ՄԱԿ-ի ՊՀԿ-ի հետ պայմանավորվածության համաձայն՝ Հայիթիին հումանիտար օգնության ցուցաբերման համար նախատեսված միջոցները կօգտագործվեն ՌԴ-ում մթերք և առաջին անհրաժեշտության այլ ապրանք գնելու, ինչպես նաև ռուսական կազմակերպությունների կողմից այդ բեռները տեղափոխելու համար վճարելու նպատակով:

Բացի այդ, այս տարի ծրագրվում է 2 միլիոն դոլարի հումանիտար օգնություն ցուցաբերել նաև Գվինեային և Հայաստանին, որտեղ 0,5 միլիոն դոլարի ցորենի ալյուր կմատակարարվի:

Բրաժնիկովը նշեց, որ աշխատանք է տարվում Սերբիայում, որտեղ մարտի 16-ին ականազերծման աշխատանքներ է սկսել ռուս-սերբական համատեղ ջոկատը, որում 34 մարդ է ընդգրկված:

 

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հիմնադրամում որպես նպատակային վճարներ ՌԴ կառավարության կողմից հատկացված միջոցներով 2005 թ.-ից սկսած շուրջ 120 հազար տոննա մթերք է մատակարարվել արտերկրի կարիքավոր և սովի մատնված բնակչության համար:-0-