ԱՄՆ Պետդեպարտամենտը ճգնաժամային է համարում հայ-թուրքական արձանագրությունների իրագործմանն աջակցելու ներկա փուլը

14.04.2010, 11:48
ԱՄՆ Պետդեպարտամենտը ճգնաժամային է համարում հայ-թուրքական արձանագրությունների իրագործմանն աջակցելու ներկա փուլը
ԱՄՆ Պետդեպարտամենտը ճգնաժամային է համարում հայ-թուրքական արձանագրությունների իրագործմանն աջակցելու ներկա փուլը

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին մասնակցող կողմերը հայ-թուրքական արձանագրությունների իրագործմանն աջակցելու ճգնաժամային փուլում են, նախօրեին Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին:

Ինչպես նշվում է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մետ, Քրոուլին դրական է գնահատել նախօրեին տեղի ունեցած ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի միջև կայացած հանդիպման արդյունքները:

Նա տեղեկացրել է, որ Քլինթոնն ու Դավութօղլուն քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ Բոսնիա և Հերցեգովինայի հարաբերությունները: Նրա խոսքերով՝ ծրագրվել է Քլինթոն-Դավութօղլու հերթական հանդիպումը:

Երեքշաբթի թուրքական ԶԼՄ-ները հաղորդագրություն են տարածել, ըստ որի՝ կառավարության ղեկավար Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունները ներկայումս չեն կարող վավերացվել Թուրքիայի խորհրդարանի կողմից անբարենպաստ «քաղաքական մթնոլորտի» պատճառով։

Միաժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայկական համայնքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան չի կարող շարունակել երկխոսությունը Հայաստանի և հայ ժողովրդի հետ նախապայմանների լեզվով:

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև վերջերս, երբ երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:-0-