Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը Հայաստանի համար սուրբ տոն է. խորհրդարանական

12.04.2010, 17:25
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը Հայաստանի համար սուրբ տոն է. խորհրդարանական
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը Հայաստանի համար սուրբ տոն է. խորհրդարանական

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը Հայաստանի համար սուրբ տոն է, ասաց Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանը։

 

«1939 թվականի ընթացքում վիճակագրական ծառայությունների տվյալների համաձայն, Հայկական ԽՍՀ-ում բնակչությունը կազմում էր 1,280 մլն, ևս 850 հազար հայ բնակվում էր ողջ Խորհրդային Միության տարածքում։ Այսպիսով, ընդհանուր առմամբ ԽՍՀՄ-ում բնակվում էր 2,1 մլն հայ, որոնցից ավելի քան 500 հազարը մասնակցել է ռազմական գործողությունների»,- ասաց նա երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա-Մինսկ-Կիև-Քիշնև-Երևան՝ «Մեր ընդհանուր հաղթանակը. Հայրենական Մեծ պատերազմ՝ պատմական հիշողություն և ժամանակակից հասարակություն» թեմայով տեսակամուրջի ընթացքում։

Միաժամանակ Նաղդալյանն ավելացրեց, որ եթե օգտագործենք «ընտանիքի» գործակիցը, ինչը հայկական ընտանիքների համար կազմում է 4,2-4,5, ապա ստացվում է, որ գործնականում յուրաքանչյուր հայ ընտանիքից մեկ և ավելի մարդ ճակատ է գնացել։

«Զոհվածների քանակը նույնպես ցույց է տալիս, որ երկուսից մեկը զոհվել է պատերազմում»,- ասաց նա։ Նաղդալյանի խոսքերով, հենց այդ պատճառով «դա մեզ համար սուրբ տոն է և իսկապես ընդհանուր հաղթանակ»։

«Դրանով կարելի է բացատրել նաև այն, որ անկախության արևածագին, երբ կենտրոնախույս ուժերի ճնշման տակ պետական օրացույցից դուրս ընկան որոշ տոներ, օրինակ, մարտի 8-ը, մայիսի 9-ը, ապա ժողովրդի կամքը պահպանեց այդ տոները։ Ողջ հանրապետությունում մարդիկ տոնում էին, բոլորը բոլոր բնակավայրերում։ Եվ քաղաքական գործիչները, և իշխանությունները ստիպված եղան հաշվի նստել ժողովրդի այդ կամքի հետ և վերադարձնել այդ տոնը «Հայաստանի տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում»,- ընդգծեց նա։

Պատգամավորն ասաց նաև, որ Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերում կան Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին նվիրված հուշարձաններ։

«Քանի որ մեր երկրով պատերազմը գործնականում չի անցել, ապա այդ բոլոր հուշարձանների նկատմամբ մեր գյուղերի և քաղաքների բնակչությունը վերաբերվում է ոչ թե որպես պարզապես հուշակոթողների, այլ պատվելով որպես գերեզմաններ»,- ասաց Նաղդալյանը։ -0-