Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունն ու դադարեցնի Հայաստանի շրջափակումը. հայ փորձագետ

12.04.2010, 14:22
Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունն ու դադարեցնի Հայաստանի շրջափակումը. հայ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար պետք է Թուրքիայի առջև՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և շրջափակումը դադարեցնելու պահանջ դնի, կարծում է քաղաքական գիտությունների դոկտոր, «Արարատ» ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը:

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը պետք է Թուրքիայի առջև որոշակի պահանջներ դնի, առաջին հերթին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և Հայաստանի շրջափակումը դադարեցնելու վերաբերյալ», - երկուշաբթի Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Այվազյանը:

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

Ինչպես կարծում է քաղաքագետը, միայն Թուրքիայի կողմից այդ պայմանների կատարումից հետո Հայաստանը կարող է նստել բանակցությունների սեղանի շուրջ: Ինչպես հայտարարեց Այվազյանը, Թուրքիան նաև պետք է դադարեցնի ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանին օգնություն ցուցաբերելը:

«Արարատ» կենտրոնի տնօրենն ավելացրեց, որ Հայաստանը չպետք է սահմանափակվի միայն Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները բացելու պահանջներով, քանի որ այդ հարցերի կարգավորումը ոչ մի կերպ չի կարող պարզել հայ-թուրքական հակամարտության էությունը:

Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

 

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-