Հայկական խորհրդարանի խոսնակը եռօրյա պաշտոնական այցով ապրիլի 11-ին կմեկնի Լիբանան

10.04.2010, 16:33
Հայկական խորհրդարանի խոսնակը եռօրյա պաշտոնական այցով ապրիլի 11-ին  կմեկնի Լիբանան

Հայկական խորհրդարանի պատվիրակությունը`խոսնակ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, եռօրյա պաշտոնական այցով ապրիլի 11-ին կմեկնի Լիբանան, տեղեկացնում է Հայաստանի Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։  

«Լիբանանի  Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերրիի հրավերով ապրիլի 11-ի երեկոյան եռօրյա պաշտոնական այցով Լիբանան կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, պատգամավորներ Վահան Հովհաննիսյանը,  Հովհաննես Մարգարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Մարտին Սարգսյանը, Վահե Էն‎ֆիաջյանը, Արայիկ Գրիգորյանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Մամուլի ծառայության տվյալներով` Բեյրութում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ կունենա Լիբանանի նախագահ գեներալ Միշել Սլեյմանի, ԱԺ նախագահ Նաբիհ Բերրիի, վարչապետ Սաադ Հարիրիի, ԱԳ նախարար Ալի Շամիի, ինչպես նաև միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ:

«Նախատեսված են հանդիպումներ Կաթողիկոս Պատրիարք Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկե Տ.Տ Ներսես Պետրոս ԺԹ-ի, Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ Մկրտիչ Կարագյոզյանի և Լիբանանի  հայկական ավանդական կուսակցությունների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ ԱԺ նախագահը Այնջարում նույնպես կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ»,- նշվում է հաղորդագրությունում։

Ապրիլի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կվերադառնա Երևան: -0-